Դասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել 2022 թ. սեպտեմբերի 13-ին դասակի հրամանատարի` մարտական հենակետը թողնելու դեպքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ – Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում:

Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները հարձակում են գործել մարտական դիրքերի ուղղությամբ: Մարտի ժամանակ, Հ.Մ.-ն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները և, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը:

Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ:

2023 թվականի հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

2023 թվականի հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։