Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։

Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:

Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:

Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար: