Ո՛չ թալանին. Նախաձեռնությունն երեք պահանջ է առաջ քաշել

Ո՛չ թալանին. Նախաձեռնությունն երեք պահանջ է առաջ քաշել
Ո՛չ թալանին. Նախաձեռնությունն երեք պահանջ է առաջ քաշել

Այս շաբաթվա սկզբից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող «Ո՛չ թալանին» նախաձեռնություն, որին միացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, երեք հիմնական կետեր պարունակող հաղորդագրություն է ներկայացրել:
 

Կետերից մեկով, նախաձեռնությունը պահանջում է վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը: Մյուս կետով` վերանայել անցած տարվա սակագինը` նվազեցման նպատակով: Երրորդ կետով, նախաձեռնությունը պահանջում է պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ինչպես նաեւ նրանց անօրինական հրաման տվողներին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի էին ենթարկել  խաղաղ ցուցարարներին:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ, վաղ առավոտյան ուժայինները բռնություն էին կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ, գործի էին դրվել նաեւ ջրցան մեքենաները: Ավելի քան երկու հարյուր մարդ բերման էին ենթարկվել բաժիններ, հիվանդանոց էին տեղափոխվել վիրավորներ, սակայն տեղի ունեցածը էլ ավելի էր մեծացրել բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց թիվը:

Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները բուռն արձագանքի էր արժանացել աշխարհի տարբեր ծայրերում` միջազգային մամուլի կիզակետում հայտնվելով: