ՀԱՕԿ-ն Արցախի հումանիտար խնդրով նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ-ի նամակում մասնավորապես ասված  է.

«Լեռնային Ղարաբաղը 215 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։ 120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։ 30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։

Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ և տերություններ կոչ են արել -անհապաղ վերացնել շրջափակումը։ Ձեր ուշադրությունը հրավիրելով ստեղծված վիճակի վրա՝ վստահ եմ, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ»։