Սարգսյանը հերքել է Ադրբեջանի կողմից ձերբակալված արցախցու կապը հումանիտար նախաձեռնության հետ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ի ադրբեջանական ալիքներում տարածված այն կեղծ տեղեկատվությանը, թե իբր օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքացին կապ ունի Արցախ տեղափոխվող հումանիտար նախաձեռնության հետ՝ նշելով, որ նման քայլը սադրիչ բնույթ ունի:

«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը: Այդ տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Spayka» ընկերության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Վարդան Սարգսյանը համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ բեռնատարների 19 վարորդ է այժմ ընկերությունից ներկա Սյունիքի մարզում, և նրանք բոլորը տեղում են: «Այո՛, բնականաբար: Վարորդների հետ կապված նշեմ, որ բոլորը տեղում են, և որևէ խնդիր չկա այս առումով»,- շեշտել է Սարգսյանը: