«Հապճեպ մշակված խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի». ՌԴ ԱԳՆ. «Ազատություն»

Հապճեպ պատրաստված, հում խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի, պետական ТАСС գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ում հետխորհրդային տարածքով զբաղվող առաջատար դիվանագետներից մեկը՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ նման ձևով խաղաղ պայմանագրի ստորագրումը հակառակ էֆեկտը կունենա «նոր հակամարտությունների և ողբերգությունների հիմքեր ստեղծելով»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխադարձաբար ընդունելի որոշումների որակյալ մշակմանը», -ասել է Գոնչարը։

Ռուսաստանցի դիվանագետի այս հարցազրույցը հրապարակվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի երեկ երեկոյան Բաքվում կայացած հանդիպումից հաշված ժամեր անց։ Դրա ընթացքում Ալիևը կրկին հայտարարել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու հարցում, և ինքը հուսով է, որ բանակցությունների ընթացքում քննարկվող հիմնական ուղղություններով մոտ ապագայում արդյունքներ կարձանագրվեն»։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Գոնչարի խոսքով՝ բանակցություններում շուտափույթ արդյունքի սպասումները ձևավորվում են Արևմուտքի կողմից հիմնականում արհեստականորեն։

«Մի շարք արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Բաքուն և Երևանը պատրաստ են խաղաղ պայմանագիրը ստորագրել «ոչ ավել ոչ պակաս առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ Ռուսաստանում կարծում են, որ պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ [հակամարտության] կողմերը։

«Պատասխանատու միջնորդների խնդիրը ոչ թե կոնյունկտուրային նկատառումներից ելնելով բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելն է, այլ հաստատուն, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը նպաստելը», – համոզված է ռուսաստանցի դիվանագետը՝ նշելով նաև, որ դրանք պետք է հիմնված լինեն տեղում առկա իրողությունների, եռակողմ հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության ղեկավարը նաև խոստովանում է, որ այս պահին ոչ Բաքուն և ոչ էլ Երևանը առանց վերապահումների խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չեն։

«Խաղաղության շուտափույթ հաստատման մասին Բաքվից և Երևանից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանների։ Դեռ անհրաժեշտ է գտնել մի շարք լուրջ խնդիրների լուծումը։ Դրանցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պաշտպանության հարցն է՝ Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում», – պնդում է ռուսաստանցի դիվանագետը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: