Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները:

2023 թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կուսակցությունը ճանաչվել է տուժող:Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։Նախաքննությունը շարունակվում է: