Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող. Factor

Ռուսաստանը կշարունակի անվտանգության և կայունության երաշխավորի դեր կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում «շատ կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունները հավատարիմ մնան այն եռակողմ համաձայնություններին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ», և որ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալն է հաջողության գրավականը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բացի այդ, Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ըստ որի՝ իր գործողություններով Մոսկվան լքում է տարածաշրջանը։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին և բարձր ենք գնահատում նրա ու նախագահ Պուտինի միջև աշխատանքային, շատ կառուցողական հարաբերությունները, հուսով ենք, որ այդ հարաբերությունները կմնան երկու երկրների միջև ազնիվ փոխգործակցության երաշխիք։ Սակայն չենք կարող համաձայնել վարչապետի այդ թեզերի հետ։ Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, այնպես որ՝ որևէ տեղ գնալ չի կարող։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ուշագրավ է, որ Պեսկովը հիշել է նաև ՌԴ-ում ապրող հայերին։

«Եկեք չմոռանանք, որ, ի վերջո, Ռուսաստանում իրականում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են, որոնք իրենց արժանի ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում»,- ասել է Կրեմլի խոսնակը։