Ընդդիմադիր խմբակցությունները չեն հրաժարվում մանդատներից, քանի որ գործ ունենք քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորման հետ. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, որ դա է միակ ճիշտ լուծումը: Ենթադրենք, որ ընդդիմությունը հրաժարվում է պատգամավորական մանդատներից, ի՞նչ է դա փոխելու ստեղծված իրավիճակում:

– Մանդատներ վայր դնելը չի կարող քաղաքական հետևանք չառաջացնել. ցանկացած, առավելևս խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում, նույնիսկ եթե խորհրդարանական փոքրամասնությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները, ավելին, եթե տվյալ դեպքում իրավական առումով սկսում են իրենց պատգամավորական լիազորությունների դադարեցման գործընթաց, ինչպես նաև համապատասխան առումով Ազգային ժողովի ղեկավարությանն են ներկայացնում իրենց մանդատները վայր դնելու մասին դիմումներ, բացի այդ, իրենց ընտրական ցուցակներում ներառված անձինք համապատասխան դիմում են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ինքնաբացարկ են հայտնում, սա չեմ ասում հաստատապես, բայց երկրում կարող է իսկապես սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ առաջացնել: 

Գործող Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովում նվազագույնը պետք է լինեն երեք քաղաքական ուժեր, հիմա եթե նրանցից երկուսը դե յուրե դադարեցնում են իրենց գործունեությունը՝ նշանակում է, որ մենք գործ ենք ունենալու ոչ լեգիտիմ խորհրդարանի հետ, մինչև այդ հարցի լուծումը: Ցավոք սրտի, մեր Սահմանադրությունը չի կարգավորում նման պարագայում հարցի լուծման ձևը, բայց և չի բացառվում, որ մեկ քաղաքական ուժից բաղկացած լինելու պարագայում խորհրդարանը կդառնա ոչ լեգիտիմ, խոցելի ու կաղացող, փաստ է: 

Ես կարծում եմ, որ դա պետք է ավելի վաղ արվեր, ես այս մասին ասել եմ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, բայց գործող խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ արեց իր պատգամավորական հնարավորությունները օգտագործելու համար ու նման մտադրություն ընդհանրապես չունի:

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ նման մտադրություն չունի:

– Այս քաղաքական քարտեզն ուրվագծվել է Փաշինյանի, Սարգսյանի ու Քոչարյանի քաղաքական պայմանավորվածության արդյունքում, ու խորհրդարանի երեկվա խայտառակ իրողություններն էլ մեկ անգամ ևս վկայում են, որ այս երեք անձն արեց ամեն բան, որ մենք ունենանք նման որակի խայտառակ խորհրդարան, սա բխում է այս քաղաքական ուժերի ռազմավարական շահերից: Նրանք չեն ուզում, որ քաղաքական դաշտում նոր ու առողջ ուժ հայտնվի, որովհետև այդ պարագայում մեր ժողովուրդը նոր որակի ընտրություն կկատարի, ինչը նրանց ձեռնտու չէ: Հետևաբար իրենք անում են ամեն ինչ, որ նման սցենար չզարգանա: 

– Պարո՛ն Նորիկյան, այսինքն՝ կատարվողը քաղաքական պայմանավորվածության հետևա՞նք է:

– Այո՛, սա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, բացարձակ պատահական չէ, որ մեր պառլամենտում են այն քաղաքական ուժերը, որոնք վերջին 20-30 տարիներին պատասխանատվություն են կրել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար: Այս առումով նրանք բնական դաշնակիցներ են ու ամեն ինչ անելու են, որ թույլ չտան նոր քաղաքական ուժերի ձևավորում, որոնք կփոխարինեն իրենց: 

Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության փոփոխություն: Եթե իշխանությունը ձախողվում է, չի կարողանում կատարել իր առջև ծառացած խնդիրները, լկտիանում է առանձին ներկայացուցիչների տեսքով, ապա դրա մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է: Եթե խորհրդարանական ընդդիմությունը ազդեցիկ լիներ, կարողանար օրակարգ թելադրել, կարողանար ժողովրդին իսկապես առաջնորդել, ապա իշխանությունը չէր կարող այսքան լկտիանալ ու անվերահսկելի դառնալ:

Ի վերջո, ընդդիմության գործառույթն է սահմանափակել իշխանության կամայականությունները, ցույց տալ նրա բացթողումներն ու սխալները: Աշխարհի ոչ մի պառլամենտում չեք տեսնի այն, ինչ մեր պառլամենտում է, ակնհայտ է, որ իշխանությունը շահավետ դիրքում է հայտնվել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց տեսակով ու անցած ճանապարհով, կենսագրությամբ ու մտածողությամբ չեն կարող ընդդիմադիր գործիչ լինել, չեն կարող մարդկանց առաջնորդել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն օգտվում է դրանից, ու այս վիճակն է երկրում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am