Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր․ Մեկնարկում է Գյումրիում ծննդատուն կառուցելու ծրագիրը

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր․ Մեկնարկում է Գյումրիում ծննդատուն կառուցելու ծրագիրը
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր․ Մեկնարկում է Գյումրիում ծննդատուն կառուցելու ծրագիրը

Առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանը և բարերար Վարտան Սիրմակեսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակում Վարտան Սիրմակեսը բարեգործական ծրագրերի միջոցով նպաստելու է Հայաստանի առողջապահության կարիքները հոգալուն` ընդհուպ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը:

Հիմնադրամի միջոցներով օգոստոսին մեկնարկում են Գյումրիի «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը ներկայացվել է ծննդատան հատակագծի նախնական տարբերակը: Կողմերը քննարկել են նախագիծը և հետագա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին, հետագայում այն լիովին կներառվի Հայաստանի առողջապահության համակարգում:

«Կարևոր բան կփոխվի Գյումրիում ու Շիրակի մարզում` հավաքելով բոլոր ծառայությունները մի տեղ: Գյումրու մանկական ծառայությունը շատ լավ է գործել երկար ժամանակ` երկրաշարժից հետո Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, բայց ծննդօգնության մասով զարգանալու տեղ շատ կա: Վստահ եմ, որ մենք ունենալու ենք ծնելիության աճ, քանի որ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայազգի գործարար Ռեմի Մակինաճյանի հետ խոսել են Հայաստանում ուռուցքներից մահացության բարձր ցուցանիշի մասին:

Գործարարը ցանկություն է հայտնել Գուստավ Ռուսիի անվամբ ուռուցքաբանության կենտրոն ստեղծել Հայաստանում, որը տարածաշրջանային նշանակություն կունենա:

Ողջունելով գաղափարը` Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախաձեռնությանը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։