Բոբ Մենենդեսին ու կնոջը մեղադրել են կոռուպցիայի մեջ․ Factor


Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին ուրբաթ 10 տարվա մեջ երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար, փոխանցում է CNN-ը:

Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու» մեջ՝ համաձայն նոր դաշնային մեղադրական եզրակացության։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ գումար, տների հիփոթեքի վճարումներ, շքեղ մեքենաներ: Սա Արդարադատության նախարարության կողմից Մենենդեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքների երկրորդ խումբն է վերջին տասնամյակում։

Տեղեկացվում է, որ, մասնավորապես, սենատորն օգտագործել է իր ազդեցությունը միջազգային գործերում՝ ելնելով Եգիպտոսի կառավարության շահերից։ Ամուսինների տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են 100 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ, ինչպես նաև 480 հազար դոլար կանխիկ գումար: Մենենդեսը Սենատում է 2006 թվականից։

Նա կարող է վերընտրվել հաջորդ տարի: Սենատի կանոնները կստիպեն Մենենդեսին հեռանալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, սակայն նա դեռևս կարող է աշխատել հանձնաժողովի կազմում: