Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, նաև հավաստիացնում՝ կապ չունի Երևանի բողոքի ակցիաների հետ. «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի անկախության ուղերձը Ռուսաստանի դեմ անընդունելի հարձակումներ է պարունակում, ինչը մերժելի է, ակնհայտ է, որ փորձ է արվում իր վրայից հանել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Փաշինյանի ուղերձին։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանի վարչապետին մեղադրում է Ռուսաստանից շրջվելու, արևմտյան նոր վեկտորի ուղղությամբ քայլերի համար, անհամոզիչ է համարում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի սխալների մասին պնդումները և նշում, որ երկու երկրները անվտանգության ու զարգացման հարցերում մեծամասամբ նման շահեր ունեն, իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել «եվրասիական ընդհանուր տարածքը»։

Մոսկվան կրկնել է, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է մնացել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և Հանրապետության առաջ երբեք հարց չի դրել՝ մեզ հետ, կամ մեր դեմ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է 2020-ի աշնանը պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերը, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների «անձուրաց գործունեությունը, ինչը գնահատվում է ծայրահեղ բարդ առաքելություն կատարելու Ռուսաստանի հանձառություն՝ ի շահ ադրբեջանական ու հայկական ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար, ինչի մասին Փաշինյանը գերադասել է լռել», հանդիմանում է նրան Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մոսկվան Երևանին է մեղադրում 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների համալիր ծրագրերի կատարումը ձգձգելու, դեպի Արևմուտք խարխափելու մեջ։

Ըստ Մոսկվայի՝ Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումները միանգամայն հասկանալի դժգոհություն են առաջացրել հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով։

«Պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն»,- հավաստիացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը և իր երկար հայտարարության վերջում նշում․ «Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս, գիտակցաբար փորձելով փլուզել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմակողմ ու բազմադարյա կապերը և երկիրը դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Համոզված ենք, որ դա հասկանում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»։