«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ, այս մասին հայտարարությամբ են հանդես եկել կուսակցությունից։

«Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։

Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։

Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկել մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակըՔՊ-ն պետք է հեռանա թե՛ Երևանի, թե՛ ՀՀ կառավարումից ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

«Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։

«Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում։