Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։
«Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։
«Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։