Վրաստանում հաստատել են ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան

Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող  բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների խմբաքանակի լուսանկարներ։ Նշվում էր, որ լուսանկարներն արվել են Վրաստանի «Փոթի» նավահանգստում, իսկ զրահամեքենաներն ուղարկվել են Հայաստան։