Պարզաբանումներ ստանալուց հետո ինքնահրկիզմամբ սպառնացող քաղաքացին հեռացել է. Հարկադիր

ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով քաղաքացու ինքնահրկիզման փորձին։

«Մամուլում այսօր տարածված հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։ Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։

Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։

Պարզաբանումներն ստանալուց հետո, առանց միջադեպի, քաղաքացին հեռացել է»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։