Մխիթար Հայրապետյանն Օմար Ալ Անսարիի հետ հանդիպմանն առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտահետազոտական բնույթի համաժողովներ կազմակերպելու և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։

Հաշվի առնելով այս համագործակցությունը շարունակական դարձնելու կարևորությունը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է առաջիկայում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտությունը և առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը Օմար Ալ Անսարիին փոխանցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան։

Կատարի Պետություն այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը «Կատարի հիմնադրամի» հրավերով մասնակցել է նաև Դոհայում կազմակերպված Կրթական նորարարության 11-րդ համաշխարհային համաժողովին, որը վերաբերում էր կրթության ոլորտում արհեստական բանականության ուսուցմանը և դպրոցներում նորարար լուծումների ներդրմանը։