Ընդդիմադիր խմբակցությունները ՄՊՀ անդամի պաշտոնի համար ներկայացրել են միասնական թեկնածուի. ԱԺ-ն քննարկում է հարցը

Հայաստանի ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Սա մի ոլորտ է, որը ես կարևորել և կարևորում եմ՝ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման, տնտեսական մրցակցության ազատության պաշտպանության, սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նաև կարծում եմ՝ կարող եմ մասնագիտության բերումով փոքր-ինչ օգտակար լինել, եթե դառնամ հանձնաժողովի անդամ»,-ասաց թեկնածուն:

Բադալյանն ընդգծեց՝ կարևորում է երկրում տնտեսական ազատ մրցակցության առկայությունը, մենաշնորհների, գերակա դիրքերի հետ կապված խնդիրների հաղթահարումը: Նա նկատել է՝ վերջին տարիներին Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում բավականին առաջադիմական լուծումներ են տեղ գտել, որոնք էլ ավելի են պարզեցնում ձեռնարկատիրական ասպարեզում ընդունված խաղի կանոնները:

Թեկնածուն տեղեկացրեց, որ դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել բազմաթիվ հարցեր, մոտեցումներ, ինչի համար շնորհակալություն հայտնեց խմբակցությանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը և դրանից հետո տնտեսական մրցակցությունը, մոնոպոլիաները, հովանավորչությունն ու  գործարարների ազատությունը: Թեկնածուն պատասխանեց՝ մշտապես այն կարծիքին է, որ ձեռնարկատիրության ոլորտում պետք է մենաշնորհներ չլինեն: «Եղել են, մեր երկրում, մեր անկախության սկզբից եղել են»,-ասաց նա:

Ապա թեկնածուն հավելեց. «Հատկապես մանր ու միջին ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում տնտեսական աշխուժություն, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ես տեսնում եմ՝ ավելի, քան նախկինում»:

Ինչ վերաբերում է գերակա դիրք զբաղեցնող խոշոր գործարարներին, ներմուծողներին՝ թեկնածուն վիճակագրության չէր տիրապետում, սակայն նշեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրենքում վերջին փուլում իրականացրած փոփոխություններով իր գործիքակազմն ավելի կատարելագործել է՝ մենաշնորհային և գերակա դիրքերը սահմանափակելու և դաշտում տնտեսական գործունեության ազատություն ապահովելու իմաստով: