Միրզոյանը և Կարինշը քննարկել են հայ-լատվիական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։