Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։https://www.youtube.com/embed/Xg5wVlRWsqQ?si=_rWdC2WQcSOu1Yl4

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող  գույքերը (հողամասեր- խմբ․) գտնվում են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա 25/2, 25/3, 25/4 հասցեներում։ Կոմիտեին են ամրացվում նաև Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի N 1 շենքի ավտոտնակներից մեկը, «Range Rover sport supercharged 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը»,- ասաց Սանոսյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նախագծի ներկայացմանն ամբողջացնելով տեղեկատվությունը, հավելեց, որ այս տարվա ընթացքում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքն է 2 միլիարդ 100 միլիոն դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բյուջե է վերականգնվել 79 միլիոն դրամ։

«Նշված գույքերից 5-ի նկատմամբ՝ չորս անշարժ գույք և մեկ շարժական, արդեն գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը և սույն նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները։ Նշեմ հողատարածքների չափերը․ 21 հազար 498,9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 34,76 քմ հասարակական տարածք, երկրորդ՝ 1687,9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237,9 քմ հասարակական տարածք, երրորդը՝ 14 հազար 260,9 քմ մակերեսով հողամաս և 25,6 քմ մակերեսով տարածք։ Կառավարության որոշման նախագծում նշված մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժականը՝  «Range Rover» մակնիշի ավտոմեքենան պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- նշեց Վարդապետյանը։