Հանցավոր խումբն ԱՄՆ-ից և ՌԴ-ից Հայաստան է տեղափոխել և իրացրել թմրամիջոցներ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022 թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր և հանցակիցների կողմից ստեղծված և կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019-2022թթ․ ընթացքում Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն իրենց կողմից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարված «@ngers», «Ismoke», «SchockMaster» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին և այլ հանցակիցների:

Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն, միմյանց փոխլրացնելով, նշված տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների արժեքների և ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ են վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո, պահանջել են թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը փոխանցել իրենց կողմից կառավարված վճարային գործիքներին:

Վ.Չ.-ն և Վ.Գ.-ն նախ որպես թմրամիջոց տեղադրող, ապա նաև՝ պահեստապետի պարտականություններ կատարող, ապահովել են, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և ուղարկվել խանութ-հարթակները կառավարողներին:
Հանցակիցների կողմից կառավարված հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո, նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով: Նշված եղանակով խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ա.Կ.-ի, Ռ.Բ.-ի և Ա.Ս.-ի կողմից կառավարված վերոհիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված, առաձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «α-PVP» թմրամիջոցները հայտնաբերվել են Վ.Չ.-ի բնակության վայրի խուզարկությամբ: Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև տարբեր չափերի «Մեթամֆետամին», ԼՍԴ ((+)+-+Լիզերգիդ, ԼՍԴ-25), «α-PVP», «Մեֆեդրոն», «ՄԴՄԱ (Մեթիլենդիօքսիմեթամֆետամին)», «Հաշիշի յուղ», MMBA(N)-073 տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ Երևան քաղաքի տարածքում նախապես տեղադրված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի և «MMBA(N)-073» և «MDA-19» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 11 փաթեթ:

Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաև Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով նույն թմրամիջոցներից, նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Կ.-ն, նշված տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով իրացնելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունից Ա.Գ.-ի կողմից պարբերաբար մաքսանենգությամբ՝ տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ: Արդյունքում 2019-2020թթ. ընթացքում Ա.Գ.-ի կողմից բազմիցս վերոհիշյալ եղանակով ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից մի մասը վաճառվել է առցանց խանութ-հարթակի միջոցով և հայտնաբերվել համապատասխան վարութային գործողությամբ:

Բացի այդ, Ա․Կ․-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ, կազմակերպել և ղեկավարել է նաև ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման և բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին և Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին և Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։ Նշված անձանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։