Հայաստանում վաղեմության ժամկետն օգտագործվել է, երբ հասկացել են, որ հնարավոր չէ հանցագործությունը թաքցնել. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

 Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։ Սպասելի՞ էր այս որոշումը, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Շատ կանխատեսելի էր, երբ դատավարությունը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով տարիներ շարունակ ձգձգվում է, ու, զուգահեռաբար, որպեսզի պատկերացնենք, կա դատավարություն, որը կարող է շաբաթների, ամսվա ընթացքում արագ ավարտվել, այդպիսի իրավիճակ էլ ենք ունեցել, Վարուժան Ավետիսյանի դատավարությունն էր, որն ամեն շաբաթ նշանակվում էր ու որևէ պայմանով չէր հետաձգվում:

Մենք զուգահեռաբար ունեցանք երկու դատավարություն. մեկի դեպքում Վարուժան Ավետիսյանի ու խմբի այլ անդամների վերաբերյալ գործն էր, որը շատ արագ լուծվեց, ու մարդիկ հայտնվեցին քրեակատարողական հիմնարկներում, մյուս կողմից մենք ունենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու էլի բազմաթիվ գործեր, որոնցում նախ խափանման միջոցն ընտրում են այնպես, որ անազատության մեջ չեն լինում, երկրորդ՝ այնքան է ձգձգվում, շատ դեպքերում՝ անտեղի, որ անխուսափելիորեն վրա է հասնում օրենքի տառին համապատասխան կոչվող դրույթը, որը կոչվում է վաղեմության ժամկետ, միշտ է այդպես եղել, միշտ։ 

Հայաստանում վաղեմության ժամկետն օգտագործվել է, երբ հասկացել են, որ հնարավոր չէ հանցագործությունը թաքցնել, գործն այնքան են ձգձգել, որ կիրառելի լինի վաղեմության ժամկետը։ Այնպես որ, շնորհավորում եմ, հանցավոր ռեժիմի տասնամյակներ աշխատած սխեմաները շարունակում են իրենց փառահեղ հաղթարշավը«ժողովրդավարության բաստիոնում»։ Ու երբ սրան զուգահեռաբար տարբեր պաշտոնյաներ խոսում են կոռուպցիայի դեմ մեծ ծավալի պայքարի մասին, երբ խոսում են դատարանների բարեփոխման մասին, երբ խոսում են գլխաքանակով դատավորներ փոխելու մասին, այսինքն՝ երբ խոսում են գլխաքանակի, այլ ոչ թե որակի մասին, մենք ունենալու ենք այս պատկերը։ 

Ցավալիորեն, հասարակությունը չի հասկանում վտանգի չափը, դեռ մենք ունենք հասարակության մի մաս, որը չի կարողանում հասկանալ, թե ինչ աստիճանի վտանգավոր է այս ամբողջ պրոցեսը, որին մենք բախվել ենք։ Այսպիսի արդարադատության համակարգ ունենալը բերում է ուղղակի ողբերգական հետևանքների, դրա ամենավառ օրինակը 44-օրյա պատերազմի ելքն էր, որը ևս կոռուպցիայի կամ արդարադատության համակարգի բացակայության հետևանք էր։

 Եթե այս գործերով նման վերջնարդյունք էր լինելու, դուք էլ ասում եք՝ ավելի քան սպասելի էր, որ այսպես էր լինելու, այդ դեպքում ի՞նչ նպատակով էին հարուցվում այս քրեական գործերը։ 

– Ես միշտ ասել եմ, որ այս իշխանությունները հատուկ ունակություն ունեն մեծ շուքով քրեական գործեր հարուցել կամ ինչ-որ պրոցեսներ սկսել, այս առումով նրանք անգերազանցելի են, պոպուլիզմը տիեզերական մասշտաբի է վատ իմաստով։ Երբ հասարակությանը հայտարարում են, թե տեսեք՝ինչպիսի գործընթացներ ենք սկսել, մինչև անգամ երկրի նախագահների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, հասարակության մի զգալի մասը չի պատկերացնում ու, իրականում պարտավոր էլ չէ պատկերացնել, որ կարևորը ոչ թե սկիզբն է, այլ հանգուցալուծումը, որովհետև ինչի՛ մասին է Ռոբերտ Քոչարյանի, նաև Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը: Նրա մասին է, որ ինչպես նախկինում դու կարող ես միլիոնավոր դոլարների կաշառքի մեջ թաթախված լինել ու անպատիժ մնալ, բայց կարող ես 5000 դրամանոց կողպեք կոտրել, ու դու անպայման դատվելու ես։ Սա խոսում է նրա մասին, որ ինչպես մեծ գողերը տասնամյակներով անպատիժ են եղել, նույն կերպ շարունակում են անպատիժ մնալ։ 

Սա հասարակության մեջ ձևավորում է վերաբերմունք պետական ինստիտուտների, առհասարակ պետության նկատմամբ՝ ինչքանո՞վ ենք մենք ունակ ունենալ պետություն, պետականություն, ինչքանո՞վ ենք պատրաստ պահպանել այդ ինստիտուտները։ Մեր հասարակությանը հետևողականորեն համոզում են, որ մենք ի վիճակի չենք ունենալ պետություն, պետականություն, ի վիճակի չենք ունենալ ինստիտուտներ, որոնք կաշխատեն, ու մենք ստիպված ենք նորից ինչ-որ միավորի մաս կազմել, որը կկառավարի այդ ինստիտուտները։ Սա հենց դրան տանող ճանապարհն է, ու սա, մասնավորապես, այս իշխանության կողմից արվում է շատ ավելի հետևողականորեն։

 Հեղափոխությունից հինգ տարի հետո կոնկրետ ոլորտում ունենք այս արդյունքը, ի՞նչ սպասել սրանից հետո, տիկի՛ն Կարապետյանց։

– Այս իշխանություններից ես չեմ սպասում ոչինչ, ես հույսս կապում եմ բացառապես հասարակության գիտակցության հետ, որ հասարակությունը ինչ-որ պահի, ինչպես 2018-ին դուրս եկավ փողոց ու պահանջեց փոփոխություններ, կպահանջի հեղափոխության ավարտ, բայց վստահաբար ոչ այս կազմով, որովհետև նրանք ոչ միայն դավաճանել են սեփական խոստումներին, այլ իրենց գործողություններով ուղղակի կործանարար ազդեցություն ունեն մեր պետության, պետականության վրա, հետևաբար նրանց հետ անցնելու ճանապարհ չկա։ 

Ուղղակի անհրաժեշտ է, որ հասարակությունը մի պահի արթնանա ու հասկանա, որ այն հեղափոխությունը, որ իրենք արեցին, իսկ հեղափոխությունն ինքը արել է, այլ խնդիր է, որ հետևողական չեղավ իր պահանջների կատարման հարցում, սպառել է իրեն, ինչ-որ պահի Հայաստանում իրական հեղափոխություն տեղի կունենա: Ես կարծում եմ, որ հույսեր կան, որովհետև համարում եմ, որ մեր հասարակության դիմաց կարճ ժամանակում բացվեցին այն բոլոր արատները, որոնց մասին քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսել են, բայց հասարակության համար դա ընկալելի ու տեսանելի չի եղել։ Երկու տարբերակ ունենք. կա՛մ կգնանք կործանման, պետականության կորստի ճանապարհով, կա՛մ կհասկանանք պահի լրջությունը ու ոտքի կկանգնենք։ Ես երկրորդ տարբերակի կողմնակից եմ, որովհետև մենք ունենք մեր պետականությունը պահպանելու այդպիսի ռեսուրս, չենք կարող կորցնել այն, ինչը շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am