«Դեռ մարտի սկզբին էի ահազանգում, որ բանտերը պետք է շատ արագ «փակել», որպեսզի մարդիկ չվարակվեն». Արշակ Գասպարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը

– Պարոն Գասպարյան, ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբն արձանագրել է, որ բավարար պայմաններ չկան, որպեսզի դատապարտյալների շրջանում կանխվի կորոնավիրուսի տարածումը։ Դուք ի՞նչ խնդիրներ եք նկատում, արդյոք վտանգ կա՞, որ ՔԿՀ-ներում կարող է հիվանդացության բռնկում լինել։

– Ես Ֆեյսբուքի իմ էջում գծապատկերով ներկայացրել եմ, թե ինչ միջոցառումներ պետք է անել քրեակատարողական հիմնարկներում։ Չգիտեմ՝ նախարարությունում կօգտվե՞ն դրանից, թե՞ ոչ։ Մենք հենց սկզբում ուշացրել ենք միջոցառումները, դեռ մարտի սկզբից ասում էինք, որ պետք է սահմանափակումներ մտցվեն։ Ես չգիտեմ, թե ինչ են արձանագրել դիտորդները ՔԿՀ-ներում, բայց չեմ տեսնում համակարգված աշխատանք։

Եթե ենթադրենք ինչ-որ օրենքների ընդունման տեսանկյունից նախարարությունը նախանձախնդիր է օր առաջ ինչ-որ բաներ պարզաբանել ու ներկայացնել, ապա քրեակատարողական ոլորտն այս պահին ոչ այնքան թափանցիկ վիճակում է։

Եվ սա ճիշտ չէ, որովհետև 2400 մարդ կա ՔԿՀ-ներում, որը եթե բազմապատկենք 3-ով կամ 4-ով՝ ընտանիքի անդամների թվով, մոտ 10 հազար մարդու սպասողական վիճակում ենք պահում։ Այդ մարդկանց հետ երկխոսություն պետք է վարվի, բայց ես այդ երկխոսությունը չեմ տեսնում։ Անկեղծ ասած, պարզ չէ, թե ինչ են անում, ոնց են անում։

Մեր քրեակատարողական հիմնարկների վիճակն այնպիսին չէ, որ մենք հույսեր փայփայենք, որ հիգիենիկ պայմաններն ապահովված են խցերում։ Այն, որ մեր ՔԿՀ-ները գերբնակեցված չեն հիմա, դա երկու տարի առաջ հայտարարված համաներման արդյունք է։

Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մեզ մոտ արդյունավետ բանտային կառավարում չկա։ Այս օրերին քրեակատարողական ծառայությունը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու ինչ-որ աշխատակիցներ բռնելու մասին հայտարարություններ է անում։ Բայց հայտնի չէ՝ կոնկրետ այս համավարակի հետ կապված ինչ վիճակ է։

Լավ, ենթադրենք՝ դուք ամեն ինչ շատ լավ անում եք, բայց պետք է ներկայացնեք՝ կոնկրետ ի՞նչ եք անում։ Եթե թեստավորում չեք անում, ինչպե՞ս եք պարզում այդ անձանց շրջանում հիվանդացության տարածվածության տեղեկությունը, ինչպե՞ս եք կարողանում այդ մարդկանց համար համապատասխան կարանտին ապահովել։ Բանտերում շատ դժվար է սոցիալական մեկուսացում ապահովել, այն էլ՝ խցային տիպի ուղղիչ հիմնարկներում։ 

Աշխատանքները համակարգված չեն, մեկ օրինակ բերեմ՝ մենք շատ վաղուց կարող էինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց ու կարի արտադրամասի միջոցով բանտային համակարգում դիմակների հարցը լուծել։ 

– Հայտարարվեց, որ խոցելի խումբ համարվող դատապարտյալների խափանման միջոց կալանքը փոխվում է այս փուլում, ոմանք ազատ են արձակվում։ Դա որքանո՞վ կարող է մեղմել իրավիճակը։

– Պետք է սկսենք նպատակից։ Եթե մենք խոսում ենք ընդհանրապես, որ պատժողական քաղաքականությունը պետք է նվազի, որ մեր երկրում ընդհանրապես պետք է ազատազրկման ձևով պատժամիջոցներ ու խափանման միջոցների տեսակներ շատ քիչ ընտրենք, դա միանշանակ ճիշտ քայլ է։

Մենք համահեղինակն ենք Պրոբացիոն ծառայության, որը հենց այդ նպատակն է հետապնդում։ Բայց եթե մենք խոսում ենք միայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված հարաբերությունների մասին, շատ զգույշ պետք է լինել։ Եվ շատ լուրջ հետազոտություններից հետո միայն այդ մարդկանց պետք է թողնել տուն։ Ինչո՞ւ, որովհետև մենք հենց սկզբում ամբողջ երկրում արտակարգ դրությունն ուշացրել ենք։

Ես դեռ մարտի սկզբին էի ահազանգում, որ բանտերը պետք է շատ արագ «փակել», որպեսզի մարդիկ չվարակվեն, որ վարակի տարածման հավանականությունն իջեցնենք։ Եթե կալանավորված անձանց խափանման միջոցը փոխում են, պետք է հաշվի առնել, թե երբ է այդ խափանման միջոցն ընտրվել, երբ է նա մտել ՔԿՀ, ում հետ է տեսակցել, նրա հետ շփվածները վարակակի՞ր են, թե՞ ոչ, նա կոնտակտավոր է, թե՞ ոչ։

Այս բոլոր հարցերը պարզաբանելուց, այդ մարդու առողջական վիճակը ստույգ գնահատելուց հետո միայն նրան կարելի է տուն թողնել։ Ընդհակառակը, եթե նա նման հիվանդ է, նրան հիմա դուրս թողնել պետք չէ, բանտը հիմա նրա համար ամենաանվտանգ միջավայրն է՝ մեկուսացման իմաստով։ Հետևաբար, պետք է հասկանանք, թե այդ միջոցառումներն ինչ նպատակ են հետապնդում, գովազդ անելով չէ։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դեպքերը թաքուն էին պահել, հետո հայտարարեցին, որ հինգ աշխատող վարակված է։ Հետո հայտարարեցին, որ նրանք բանտարկյալների հետ չեն շփվել։ Բայց չէ՞ որ նրանք էլ շփվում են այն մարդկանց հետ, ովքեր շփվում են բանտարկյալների հետ։

Դրա համար ես գծապատկերի տեսքով իմ առաջարկներում հստակ նշել եմ, որ գոնե առավոտյան հաշվառումներին, որ աշխատակիցներն ամեն առավոտ հավաքվում են իրար գլխի, պետք է վերջ տալ։ Մարդիկ պետք է հերթափոխ իրականացնելիս իրար չտեսնեն։ Ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ դա կարծես թե դադարեցվել է, բայց համակարգային մոտեցումը չեմ տեսնում։

Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհն այս կորոնավիրուսին շատ պատրաստ չէր, և շատ հաճախ ոչ թե հաշվարկված ու ռազմավարական գործողություններ են անում կառավարությունները, այլ հրշեջի նման որտեղ կրակ կա՝ այնտեղ հանգցնում են։

Բայց բանտային համակարգերը պետք է ունենան ռազմավարություններ, թե այս իրավիճակներում ինչ է պետք անել։ Բայց ամենավտանգավորը, կրկնում եմ, այն է, որ երբ մարդիկ ասում են՝ մենք ամեն ինչ անում ենք, բայց մենք չգիտենք, թե ինչ են անում, փակվում է բոլոր առաջարկների ճանապարհը։ Տարբեր փորձագետներ կարող են իրենց առաջարկություններն ու աջակցությունը ներկայացնել, բայց երբ դիմացինն ասում է՝ ես անում եմ, բայց չկա այդ մասին հաշվետվություն, դա լավ չէ։

– Կնշե՞ք, մասնավորապես ի՞նչ քայլեր պետք է անել։

– Ես 17 կետ եմ նշում, որոնցից մեկը վերաբերում է նախարարությանը կից հասարակական խորհրդի դերին։ Մինչև արտակարգ դրությունն էր պետք հավաքել այդ խորհրդի անդամներին ու խորհուրդ հարցնել, թե ինչ է պետք անել։ Նույնիսկ հիմա մարդիկ կարող են օնլայն քննարկում իրականացնել։ Մենք տասնյակ տարիների փորձ ունեցող փորձագետներ ունենք, այդ մարդկանց պետք է լսել, ինչը այսօր չենք տեսնում։ Փոխարենը մեղադրում են, որ իրենց քննադատում են՝ օգնելու փոխարեն։ Բայց օգնում են այն մարդուն, ով օգնության խնդրանք է ձևակերպում։

Մյուս խնդիրը հետևյալն է՝ ես ավելի քան վստահ եմ, որ քրեակատարողական հաստատությունների ոչ բոլոր աշխատակիցներն են այսօր տեղյակ, թե ընդհանրապես ինչ է կորոնավիրուսը, ինչպես է փոխացվում, ինչ անել, որ չփոխանցվի։ Իսկ իրենք շփվում են խոցելի խմբի անձանց հետ։ Միայն ձեռքերն ախտահանելով վարակի դեմ չեն պայքարում։ Սա պետք է աներ Քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ը։ Պետք էր մասնավոր հատվածի աջակցությամբ պատրաստել տեղեկատվական թերթիկներ, բաժանել դատապարտյալներին։ ՀԿ-ները կարող էին պատրաստել տեղեկատվական բուկլետներ, որոնց գումարը կտար պետությունը, բայց մտքերը կտային այդ մարդիկ։ Եվ տեղեկացվածության բարձրացման աշխատանքը գոնե կընկներ հունի մեջ, իրավագիտակից քաղաքացի ունենալը շատ կարևոր է։

Այսօր նախարարությանը կից գործում է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է նաև քրեակատարողական և պրոբացիոն ծառայողների վերապատրաստման ու ուսուցման համար։

Քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ի մասնագետները առողջապահության նախարարության հետ համատեղ պետք է իրականացնեն օնլայն դասընթացներ՝ քրեակատարողական ծառայությունում մի խումբ մարդկանց համար, որոնք իրենց հերթին կդասավանդեն քրեակատարողական հիմնարկներում։

Դա կարևոր է, քանի որ պարզվեց՝ մենք համավարակն ու համաճարակը չենք տարբերակում։ Պարզագույն գիտելիքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ մենք ընտրեցինք ամենաերկար ու ոչ միշտ ճիշտ տարբերակները։ Եվ այն մարդիկ, որոնք վարակվել են, միգուցե վարակվել են հենց չիմացության պատճառով։

Այս ամբողջ ասածիս միտքն այն է, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք այս պահին պատրաստ են օգնելու կառավարությանը։ Մեր բոլոր գործողություններում պակասում է այն, որ գրագետ լինենք գործողությունների մեջ։

Այսինքն՝ պետք է օգնությունը ձևակերպեն ու ընդունեն, աշխատեցնեն այն գործիքները, որոնք ապահովում են հաշվետու ու թափանցիկ կառավարում։

Քրեակատարողական հիմնարկներում պետք է ապահովել մարդկանց կրթություն ու զբաղվածություն ունենալու հնարավորությունը, կազմակերպել հեռավար ուսուցում՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի ՊՈԱԿ-ի միջոցով, ապահովել նաև արտադրություն, ամբողջ աշխարհում, օրինակ՝ բաց տիպի ուղղիչ գաղութներում ալկոգել են արտադրում։

Պետք է ՔԿՀ-ներում վերացնել բոլոր զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ ներքին կանոնակարգով նախատեսվածները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am