Երևանի քաղաքապետը մեկնաբանել է վճարովի ավտոկայանատեղիների թանկացման հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիների վճարի թանկացման հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա անհրաժեշտ է համարել Երևանի կենտրոնում ավտոմեքենաների տեղաշարժի բեռնաթափումն ու հանրային տրանսպորտի հնարավորությունները զարգացնելը՝ նշելով, որ վճարովի ավտոկայանատեղիների թանկացման  խնդիրը պետք է դիտարկել այդ տրամաբանությամբ։

«Տարեցտարի մեզ մոտ անհատական ավտոմեքենաների քանակը էականորեն աճում է։ Այս քաղաքը ռեզինից չի, չենք կարող ձգել և այդ բոլոր ավտոմեքենաները տեղավորել։ Հետևապես, պետք է ինչ-որ միջոց ձեռնարկենք, որպեսզի ավտոմեքենաների քանակը փորձենք նվազեցնել»,-ասաց Ավինյանը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հանրային տրանսպորտի համակարգային զարգացումը, ավտոբուսային գծերի ավելացումն, այդ թվում նաև  ի հաշիվ «Կարմիր գծեր»-ի և մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենաների  շարժի սահմանափակումը։