Ադրբեջանը հայտարարում է, որ առաջարկել է պետական սահմանին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում անցկացնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պետական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպելու առաջարկ են արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բայրամովն այս մասին հայտարարել է ասուլիսում:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել պետական ​​սահմանին։ Մենք արել ենք այս առաջարկը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում կամ Հայաստանում հանդիպում անցկացնելուն, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Վաղ, թե ուշ դա պետք է լինի»,- ասել է Բայրամովը:

Նա տեսակետ է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը չպետք է պատանդ դառնա երրորդ երկրների համար:

Բայրամովը նշել է նաև, թե Երևանի և Բաքվի միջև դեռևս կան տարաձայնություններ խաղաղության պայմանագրի հարցում, սակայն դրանց թիվը էականորեն նվազել է: