Ապագա կա՞. Ինչո՞ւ քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէ երևանյան երթերին

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի կունենան արդեն այս կիրակի՝ հունիսի 20-ին, քաղաքական ուժերը շարունակում են ակտիվ քարոզարշավը Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մարզային ակտիվ այցերից բացի, երթեր է իրականացնում նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում. երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր, իսկ այսօր երթ է նախատեսված Մալաթիա-Սեբաստիայում: Հատկանշական է, որ երթերի իրազեկմանը, բացի կուսակցության քարոզչական թիմից, լծվել են նաև վարչական շրջանների ղեկավարները՝ իրենց ֆեյսբուքյան էջերով գովազդելով Փաշինյանի հետ սպասվող հանդիպման մասին անոնսը:

Թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի մասնակցում իր քաղաքական թիմի ընտրապայքարին, փորձեցինք պատճառները պարզել Մարությանի մամուլի խոսնակից:

Հակոբ Կարապետյանն ասաց, որ Մարությանն ընդհանրապես քաղաքական գործընթացների չի մասնակցում: Դիտարկմանը, բայց չէ՞ որ նույն քաղաքական թիմի անդամ են, Կարապետյանն արձագանքեց. «Այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ, անկեղծ ասած՝ չեմ մեկնաբանում»:

Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է եզրակացնել, որ մամուլում տարածվող լուրերը, թե Մարությանն ու Փաշինյանը տարաձայնություններ ունեն, փաստորեն ճիշտ են, Կարապետյանն ի պատասխան ասաց, որ աշխատանքային նորմալ հարաբերություններ են:

Մարությանի խոսնակը փոխանցեց նաև, որ քաղաքապետը Մոսկվա կատարած այցից հետո վերադարձել է Հայաստան:

«Պաշտոնական այցով մի քանի օր առաջ մեկնել էինք Դոնի Ռոստով: Դոնի Ռոստովի քաղաքային վարչակազմի ղեկավարի՝ քաղաքապետի հետ Երևանի քաղաքապետը ստորագրեց հնգամյա զարգացման ծրագիր: Հանդիպումներ են եղել նաև տեղի հայ համայնքի հետ: Այցից հետո վերադարձել ենք Երևան: Դեղին մամուլի որոշակի երանգավորմամբ տեղեկությունները բամբասանք են»,- ասաց նա:

Նկատենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018-ին Երևանի քաղաքապետ դառնալուց առաջ անդամագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նրա քարոզարշավին ակտիվորեն մասնակցում էր այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյունքում՝ Երևանի ավագանու ընտրություններում Մարությանն ու իր գլխավորած դաշինքը շուրջ 82 տոկոս ձայն ստացան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am