Միրզոյանը հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը երկուստեք կառուցողական մոտեցման դեպքում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումից հետո և խաղաղության գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանն այս մասին հայտնեց հունվարի 10-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Իհարկե, մեր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումից հետո և նաև խաղաղության գործընթացն ու այդ գործընթացի մանրամասները և խնդիրները»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ գործընկերոջ հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ներկայացրել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը վերաբերվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Միրզոյանն ընդգծեց, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և որոշ դեպքերում Ադրբեջանի ապակառուցողականությանը՝ Հայաստանը վճռական է խաղաղության շուրջ բանակցությունները շարունակելու և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում։

«Հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցում ցուցաբերելու դեպքում, քաղաքական կամքի դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծեց Միրզոյանը։