Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը. Անահիտ Ավանեսյան

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը հայաստանյան ամենագողտրիկ անկյուններից մեկում` Ջերմուկում։ Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր: 

Այս տարվա կարգախոսն է` «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով: 

«Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ  մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազել է մահացությունը»,֊նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել  այդ արձանագրումներով. 
«Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։ 

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ: