Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային վերջին` 9-րդ օրը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200, 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում:  Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է:

Նույն քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ` բարձրացնելով 190 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 247 կգ` նվաճեց փոքր արծաթ: 437 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Ծանր քաշային կարգի պարգևատրությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը: