2020-ից հետո պետք էր, որպեսզի ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվեին Սյունիքում. Արմեն Խաչատրյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Երևի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծի։ Իրավիճակով պայմանավորված, այո, այդպես է եղել։ Բայց հիմա քննություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ»,-նշեց Խաչատրյանը։

Ճշգրտող հարցին՝ ՌԴ սահմանապահ զորքերը իրավական որևէ հիմք չե՞ն ունեցել, Խաչատրյանը պատասխանեց. «2021 թվականին իրավիճակով պայմանավորված՝ տեղակայվել են այնտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրավական հիմքի վերաբերյալ քննությամբ պատասխան կստանան։

Նրա խոսքով՝քննությունը տեղի է ունենում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտաքին գործերի նախարարության հետ համատեղ՝ այդ բոլոր իրավական խնդիրները լուծելու համար։