Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ

Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ  ստեղծագործությունը։ 

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը: 

«1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմե»-ն հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվեց Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։ Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմե»-ին, վերադարձրեց իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Գեղարվեստական բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։ 

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը մշակութային արժեքների վերականգնման գործընթացը ներկայացնող ինտերակտիվ ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: Հանրահայտ արվեստագետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են աշխատանքային լուսանկարներ, բացատրագրեր, հոլովակներ, որոնք ամփոփ ներկայացնում են վերականգնման տևական ընթացքը, իսկ սրահում տեղակայված վերականգնման արվեստանոցի անկյունն այցելուին հնարավորություն է տալիս մասնակից դառնալու վերականգնման գործընթացին։