Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը. Փաշինյան

Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում: Թեմայի առնչությամբ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս – Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ի ցույց դրեց միջազգային համագործակցության և պաշտպանական գործընկերության անհրաժեշտությունը, մասնավորապես Հունաստանի՝ հայ ժողովրդի կողքին լինելով և մարդասիրական օգնություն տրամադրելով: Հաշվի առնելով տարածաշրջանային աճող ռիսկերն ու սպառնալիքները՝ ի՞նչ նշանակություն ունի պաշտպանության մասին հուշագիրը, որը ստորագրել եք ձեր գործընկեր երկրի հետ: Այն պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի լայն համագործակցության, թե՞ նույնիսկ ընդհանուր պաշտպանական դոկտրինի ստեղծման մասին է:

Նիկոլ Փաշինյան – Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով՝ կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին և Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու և ցուցաբերած օժանդակության համար:

Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը, այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ, կընդլայնվի:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը։