Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական դրության մեջ․ Շավարշ Քոչարյան․ Տեսանյութ

Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը շարունակում է չլուծված մնալ․ այդ երկիրը կայացրել է միակողմանի որոշում, ընդունել է օրենսդրական ակտ, որը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ։ Վարորդական վկայականների վերաբերյալ Ռուսաստանի ընդունած օրենքը հակասություններ ունի ԵՏՄ օրենսդրության հետ։

Այս մասին այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԵՏՄ-ում Հայաստանի վարորդական վկայականների հարցը քննարկվել է և առաջարկվել ստորագրել առանձին համաձայնագիր, ինչը, սակայն, ըստ Քոչարյանի, տևական ժամանակ է պահանջում և կարող է տևել տարիներ։

«Ստացվում է Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ կապված նախապես հատուկ կարգավորում էին մտցրել այդ օրենքի մեջ, Ղրղզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին վայրկյանին կարողացել է այնպես անել, որ օրենքում կարգավորում մտցվի Ղազախստանից հետո նաև Ղրղզստանի վերաբերյալ։ Հիմա՝ ի՞նչ է պետք․ ընդամենը պետք է, որ օրենքում Ղազախստան, Ղրղզստան  բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է , այս հարցը տարբեր ձևերով փորձում են տորպեդահարել»,- ասաց  Քոչարյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ ՌԴ-ում ստորգրված վարորդական վկայականների մասին օրենքը ԵՏՄ-ի խնդիր չէ, հակառակ պարագայում ՀՀ-ն դա թույլ չէր տա։

«Այո՛, Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական դրության մեջ»,- ասաց  Քոչարյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։