Հայաստանում չպետք է լինի մեկուսացմանն ու առանձնացմանը նպաստող որևէ հաստատություն. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը, որը նախագահել է Զարուհի Բաթոյանը: Օրակարգում ներառված էին հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսվող ծառայությունների, երեխաների իրավունքների  պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խորհրդի անդամների կողմից նախապես ներկայացրած առաջարկությունները: 

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակների ստեղծման գործընթացը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև նախարարության դիրքորոշումն ու մոտեցումները՝ կապված «Հայկական կարիտաս» ՀԿ-ի կողմից ներկայացված «Երեխաների քաղաք» նախագծի մասին: 

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը 4 առաջարկ է ներկայացրել այն մասին, թե ուր կարող են ուղղվել միջոցները, որպեսզի իրականացվող ծրագրերը որևէ կերպ չհակասեն ներառմանը և հանրային զարգացման սկզբունքներին: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել ԿԳՍՄ նախարարության գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրի ռիսկերը: Ժաննա Անդրեասյանը հստակեցրել է, որ ներկայացված տարբերակով ծրագրի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցություն չի պատկերացնում: 

«Համագործակցությունը հնարավոր կլինի միայն այնպիսի ծրագրի դեպքում, որը չի հակասի մեր նախարարության աշխատանքի սկզբունքներին, ներառականության քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներին և երեխայի իրավունքներին»,- ասել է փոխնախարարը:

Այնուհետև, նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրեց. 

«Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց  տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն կարգավորելու է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրման ընթացակարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, շահառուի և կազմակերպության միջև եղած հարաբերությունները:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի նախագծին:  

Անդրադարձ է կատարվել նախարարության համակարգում գործող գիշերօթիկ հաստատությունների լուծարման, վերակազմակերպման, խնամատարության ինստիտուտի, որդեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղիներին: 

Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը նշել է, որ գործընթացն ուղղված է երեխաների կենսաբանական ընտանիքներին համալիր աջակցության ցուցաբերմանը, կենսաբանական ընտանիքում խնամքի անհնարինության պայմաններում՝ ընտանեկան միջավայրում խնամքի ձևերի զարգացմանը, ցերեկային ծառայությունների ծածկույթի համաչափ և ըստ գնահատված կարիքների ընդլայնմանը: Նա տեղեկացրել է, որ ճգնաժամային աջակցության և ծառայությունների կենտրոնների կստեղծվեն Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, իսկ գործող շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ծրագիրը կվերաբերի նաև ոչ պետական հաստատություններն և մասնագիտացված խնամքի հաստատությունները:

Նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ակտիվ համագործակցության և ներկայացված հարցերի համար.

«2020 թվականից ընդլայնելու ենք նախարարության կողմից պատվիրակվող  ծառայությունների ցանկը: Մրցույթները կլինեն հնարավորինս ճկուն, որպեսզի տարբեր կազմակերպություններ, տարբեր մարզերից դիմեն և իրականացնեն այն ծառայությունները, որոնց կարիքն ունի մարդը: Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին, ապա այն ոչ թե հաստատությունների բեռնաթափում է կամ լուծարում, այլ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովում է: Այս շեշտադրությամբ պետք է իրականացնենք գործընթացները:

Մեզ համար կարևորը ընտանիքների և երեխաների բարեկեցությունն է: Մենք օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները, որպեսզի երեխաները մեծանան ապահով ընտանիքներում: Հայաստանում չպետք է լինի մեկուսացմանն ու առանձնացմանը նպաստող որևէ հաստատություն»,- շեշտել է Զարուհի Բաթոյանը:

Այս մասին տեղեկացնում է պատշոնական հաղորդագրությունը։