Մարած շարժման մասին Politico-ից սկսած BBC և «Լը Մոնդ»՝ Բագրատ Սրբազանից հարցազրույց չէին վերցնի. Քրիստինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 

– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները շարունակվում են, դուք ակտիվ մասնակցում եք շարժման գործողություններին, ինչ եք կարծում՝ շարժումն ի վերջո կհաջողի՞, թեև իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այն արդեն մարած է։

– Եթե այս շարժումը մարած է ու որևէ խնդիր չի ստեղծում իրենց համար, ապա ո՞րն է իմաստը ամեն եթեր՝ սկսած Հ1-ից մինչև ԱԺ ամբիոն, օգտագործել փաստելու համար, թե ինչ-որ բան մարել է։ Ակնհայտ է, որ ամեն նոր շարժում, որը գնալով ավելի մեծ համախմբում է ապահովում, ի ցույց է դնում այն ճշմարտությունը, որ այս իշխանությունը լեգիտիմություն չունի անելու այն, ինչ անում է, ավելի կոնկրետ՝ հակասահմանադրական եղանակով միակողմանիորեն երկրից տարածքներ զիջել։ 

Այս փուլում նվազագույն արձանագրումը, որ պետք է անենք, այն է, որ հայ հասարակությունը ցույց է տալիս, որ ինքը հաշտ չէ այդ գաղափարի հետ, ու այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածություններն ընդունվում են հալած յուղի պես, առանց դիմադրության ու համաձայն են դրա հետ։ Այդ անհամաձայնությունը հիմա աշխարհում տեսնում են, Politico-ից սկսած BBC և «Լը Մոնդ», երբ Բագրատ Սրբազանից հարցազրույց են վերցնում, ու այս բոլոր թեզերը հնչում են, դրա լավագույն վկայությունն են։ Մարած շարժման մասին «Լը Մոնդը» հարցազրույց չի անում։ 

Ինչ վերաբերում է՝ ի՞նչ կլինի հարցին, անկեղծ, հաշվի առնելով, մենք ինչ ուժերի, կարելի է ասել՝ կազմակերպված հանցախմբի դեմ ենք պայքարում, դժվար է ասել, ես չեմ կարող ասել, թե մենք հեշտ ճանապարհ ենք անցնում։ Ես համաձայն եմ շարժման հնչեցրած պահանջներին և՛ որպես քաղաքացի, և՛ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ասել եմ, որ մեր կարողությունների չափով ամեն ինչ պետք է անենք, որ այս իշխանությունը հեռանա։ 

Մեզ համար երկրորդական է, թե ով կլինի պայքարի առաջնագծում, եթե համաձայն ենք հնչեցրած պահանջին ու հավատում ենք պայքարի ազնվությանը, մենք մեզանից կախվածն անում ենք։ Հիմա անում ենք հնարավորը, որ պայքարը հաջողի։ 

– Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու օրակարգը հիմա ակտի՞վ է։

– Ակնհայտ է, որ փողոցում բավարար ճնշումը պետք է արտացոլվի նաև խորհրդարանում գործընթացներով։ Մեր խմբակցության պատգամավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ պահին այդ գործընթացը սկսելու, մեր կողմից այդ գործընթացի սկսմանը խոչընդոտող ոչինչ չկա, բայց այստեղ պետք է ընդգծեմ, որ դրա համար ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն: 

Երկրորդը՝ անվստահության գործընթացի համար պարտադիր է վարչապետի թեկնածուի անունով դիմումի մուտքը, իսկ մինչ այդ Ոստիկանությունը պետք է տա համապատասխան տեղեկանք, այսինքն՝ կան տեխնիկական փուլեր, որոնք պետք է անցնեն, հիմա դրանք անցած չեն։ Հետևաբար, ինչպես փողոցում, այնպես էլ այս գործընթացի մեկնարկի համար մեր ամբողջ գործիքակազմը մենք պատրաստ ենք օգտագործել։ Մարտավարությունն այնպիսին էր, որ համապատասխան ճնշման մակարդակ փողոցում ունենալուց հետո նոր խորհրդարանում գործընթացը պետք է սկսվեր, հիմա կարծես այդ փուլում է։

– Տիկի՛ն Վարդանյան, հիմա որ փողոցում չկա այդ ճնշումը, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ պայմանավորված է հանգամանքով, որ շարժմանն աջակցում են երկրորդ ու երրորդ նախագահների աջակիցներն ու քաղաքական թիմի անդամները, նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է հստակ հայտարարել, որ «Սրբազանը պետք է խնդրի ու պահանջի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ դուրս գալ քաղաքականությունից»։ 

– Էդմոն Մարուքյանն ու նմանատիպ հայտարարություն անող գործիչները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ իրենք ո՞ւմ դեմ են պայքարում, ու ո՞րն է իրենց առաջնային նպատակը։ Իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա՞, թե՞ ուզում են ուղղակի իրենց քաղաքական մրցակիցներին հեռացնել ասպարեզից ու ավելի լավ դիրքավորում ունենալ։ 

Ցանկացած վերլուծությունից առավել փաստերն են խոսուն․ ինչպե՞ս կարող է խորհրդարան չանցած ուժը խորհրդարանում 29 մանդատ ունեցող ուժին ասել, որ չունի հանրային աջակցություն, ո՞նց են չափում այդ հանրային աջակցությունը, էլ չեմ ասում փողոցում հանրահավաք գումարելու մասին։ Սրանք փաստեր են, իսկ նման հայտարարություններում և՛ տրամաբանության խնդիր կա, և՛ առաջնահերթությունների խնդիր կա։ 

Ցանկացած ուժ պետք է ասի, թե ո՛րն է իր առաջնային նպատակը։ Իրականությունը՝ ընտրությունների ու փողոցային շարժումների տեսքով, ցույց է տվել, որ հանրային ավելի շատ ընկալում ունեն այն ուժերը, որոնց՝ քաղաքականությունից հեռանալու մասին իրենք անընդհատ խոսում են։ Ես վստահ եմ, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը միայն օգնում են այս շարժման ավելի բազմամարդ լինելուն, ավելի կազմակերպված գործողություններին, այլ ոչ թե հակառակը։ Հակառակը պնդողները պետք է ցույց տան, որ իրենք կարողանում են առանց այդ ուժերի ավելի շատ մարդ մոբիլիզացնել, այդ դեպքում իրենք իրավունք կունենան նման պնդումներ անելու։

– Ասացիք, որ ձեր առաջնային նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, բայց կան տեսակետներ, որոնց համաձայն եթե ձեր պնդումն իսկապես իրական լիներ, ապա վաղուց խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վայր կդներ, ու, ինչպես պնդում են որոշ գործիչներ, չէիք ապահովի Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը։

– Շատերի խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ քաղաքական մրցակիցների դիրքերի թուլացումը կամ քաղաքական դաշտից հեռացումը, այլ խնդիր չկա։ Ցանկացած նման պնդում անողը պետք է ասի, թե օրենքի ո՛ր կետով է, որ ընդդիմության մանդատները վայր դնելու դեպքում լինելու է արտահերթ ընտրություն։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե իրենք մանդատները վայր են դրել, դրա համար էլ 2021-ին եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություն, բայց ճշմարտությունը բոլորովին այլ է։ 

Իրենք պայմանավորվել են Նիկոլ Փաշինյանի հետ չառաջադրել թեկնածու, նա հրաժարական է ներկայացրել, երկու անգամ խորհրդարանում չի ընտրվել վարչապետ, եղել է արտահերթ ընտրություն, իրենք էլ այդ պահին եղել են խորհրդարանի անդամ։ 

Հասկանալի է, որ իրենց նպատակներին հասնելու համար մարդիկ հնարավոր է կարմիր գծեր չունենան, բայց չի կարելի այս հանրությանն այդքան խաբել։ Հանրությունը պետք է իմանա, որ չկա օրենքի այնպիսի կետ, որի համաձայն եթե ընդդիմությունը որևէ կերպ ներկայացված չլինի խորհրդարանում, ապա ավտոմատ կերպով տեղի է ունենալու արտահերթ ընտրություն։ 

Արտահերթ ընտրության մեկ ձև կա․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հրաժարական, խորհրդարանում նոր վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն իրավունքի ուժով ցրվում է, ու նշանակվում է արտահերթ ընտրություն։ Այսինքն՝ որ պահին ՔՊ-ն ուզենա, կարող է արտահերթ ընտրություն նշանակել, դրա համար ընդդիմադիրների մանդատ դնել-չդնելը էական չէ։ 

Մյուս ձևն էլ կապված է Կառավարության ծրագիրը հաստատել-չհաստատելու հետ։ Իրականությունը սա է, իսկ նման պնդումները խնդիր ունեն բարոյականության, տրամաբանության ու քաղաքագիտության հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am