Եթե «Վրացական երազանքի» քաղաքականությունը պարտություն կրի, ավելանալու է ճնշումը Կովկասի ուղղությամբ. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է մի քանի տասնյակ քաղաքացու. նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամ, մի մասն էլ՝ հարկադրաբար։ Վտարվածների թվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սա որքանո՞վ կապ ունի աղմկահարույց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ, ու, առհասարակ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում Վրաստանում։ 

– Վրաստանում կատարվողը, մեծ հաշվով, թե՛ Վրաստանի և թե՛ նաև լայն իմաստով Կովկասի համար աշխարհաքաղաքական պայքարի մաս է ու առանցքային մաս։ Վրաստանի իշխանությունն այդ պայքարում շատ վաղուց փորձում է դիրքավորվել հնարավորինս հավասարակշռված քաղաքականության դաշտում, այսինքն՝ չդառնալ պայքարի որևէ ճամբարի մասնակից մյուս ճամբարի դեմ, բայց այդ դիրքավորումն ակնհայտորեն չի բավարարում Արևմուտքին: Ակնհայտ է, որ Վրաստանից կա Ռուսաստանի դեմ առավել կոշտ ու առավել արմատական դիրքավորման կարիք ու նույնիսկ՝ պահանջ, դատելով Վրաստանի պաշտոնյաների հայտարարություններից։ 

Այս համատեքստում մի կողմից Թբիլիսին փորձեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ու մի քանի այլ օրենքների նախաձեռնությամբ իր դիրքերն ամրապնդել՝ այդ հավասարակշռված քաղաքականությունը շարունակելու կարողության տեսանկյունից, մյուս կողմից՝ արևմտյան դերակատարները փորձեցին այդ նախաձեռնությունն օգտագործել Թբիլիսիի դիրքերը թուլացնելու համար, ու զանգվածային ակցիաներն ակնհայտորեն այդ փորձի մաս էին։ Մենք տեսել ենք, որ անգամ եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ են եկել ու Վրաստանում այդ ակցիաներին ելույթներ ունեցել։ 

Այն, ինչ կատարվում է Վրաստանում, սա է, ու պաշտոնական Թբիլիսին, կարծես թե, այս առաջին հարվածը կարողացավ պահել, հաջորդ փուլը, ըստ ամենայնի, կակտիվանա խորհրդարանի ընտրությանն ավելի մոտ, որը տեղի է ունենալու 2024-ի աշնանը։ Այստեղ, կարծես թե, մեկ այլ պրոցես է ծավալվում․ Վրաստանում այս գործընթացների արդյունքում կարծես թե ընդդիմության առաջնորդի վերափոխում է տեղի ունենում, և այդ դիրքում կհայտնվի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն իհարկե շատ վաղուց է «Վրացական երազանքի» հետ դիմակայության մեջ, ու հիմա նաև փաստացի ինքն էլ դրսևորում է ընդդիմությանը առաջնորդելու հավակնությունը։ 

– Այսինքն՝ Վրաստանում, ասացիք նաև՝ ավելի լայն իմաստով Կովկասում, ընթանում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հերթական արարներից մե՞կը։ 

– Ես կարծում եմ, որ այստեղ միայն այդ պայքարը չէ, ընդհանրապես պայքար է Վրաստանում ազդեցության համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե Արևմուտքը, տվյալ դեպքում՝ նաև ԱՄՆ-ն, ինչպե՛ս է գնահատում Չինաստանի աշխարհաքաղաքական դերը, իսկ մենք գիտենք, որ ԱՄՆ-ն Չինաստանը դիտարկում է որպես իր գլխավոր սպառնալիք մի շարք պատճառներով։ 

Չինաստանն այստեղ հիմա մի քիչ պասիվ խաղացող է, բայց էական խաղացող է, որովհետև, օրինակ՝ եթե դիտարկենք, թե Վրաստանում ինչպիսի ակտիվ ներդրումային քաղաքականություն է վարում, ու հիմա հատկապես խոսակցություններ են շրջանառվում, որ Չինաստանը կարող է գործնական քայլեր կատարել Վրաստանի սևծովյան Անակլիա նավահանգիստը արդիականացնելու ու շահագործելու ուղղությամբ, հասկանալի է դառնում, որ խնդիրը միայն Ռուսաստան-Արևմուտք դաշտում չէ: 

Դա իհարկե կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց, անշուշտ, հաշվարկը ներառում է նաև Չինաստանի հանգամանքն ու Չինաստանի զսպման ուղղությամբ քայլերը, իսկ Կովկասն այդ տեսանկյունից կարևոր շղթա է, որովհետև եթե Վրաստանում այս խնդիրը չի լուծվում, մնացած առումներով, շղթայի հաջորդականությամբ արդեն մյուս խնդիրներն ավելի բարդանում են, ես նկատի ունեմ թե՛ Կովկաս, թե՛ Կասպիցի ավազան, թե՛ Կենտրոնական Ասիա։ 

Վրաստանում իրավիճակից էապես կախված է լինելու նաև Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը ու Ադրբեջանի քաղաքականությունը Կովկասում ու ընդհանրապես։ Այսինքն՝ այս իմաստով նաև պետք է նկատի ունենալ, որ Վրաստանն առանցքային գործոն է Սևծովյան ավազանի համար, որը օրգանական տարածաշրջան է Կովկասի համար, բայց ինքնին առանձին տարածաշրջան: Այս իմաստով Վրաստանը նաև կարևորագույն երկիր է այդ տեսանկյունից՝ ոչ միայն որպես Կովկասի դարպաս, այլ նաև Սևծովյան ավազանի երկիր ստատուս քվոյի հետ կապված, որովհետև Վրաստանի դիրքորոշումն էապես պայմանավորելու է, թե ինչպիսի ստատուս քվո կլինի այդ Սևծովյան ավազանում։

– Պարո՛ն Բադալյան, իսկ ձեր գնահատմամբ՝ Վրաստանում ընթացող այդ պայքարն ինչպե՞ս է հանգուցալուծվելու։

– Եթե Վրաստանում «Վրացական երազանքի» այդ քաղաքականությունը պարտություն կրի, ապա ավելանալու է լիբերալ աշխարհի ճնշումը Կովկասի ուղղությամբ, այսինքն՝ դա լինելու է լիբերալ աշխարհի հաղթանակը Կովկասում։ Սա բերելու է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի հակազդեցությանը, ու այստեղ բավական բարձրանալու է Թուրքիայի ու Ադրբեջանի երկակի խաղի հնարավորությունը։ 

Մենք գիտենք, որ նրանք այդ խաղի տեսանկյունից կարողանում են հաջող առևտուր անել թե՛ արևմտյան, թե՛, այսպես ասենք՝ հյուսիսարևելյան ուղղությամբ, այս տեսանկյունից, եթե ճնշումն ավելանա, բնական է, որ դա այդ հարմար պղտոր ջուրն է լինելու Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այս տեսանկյունից, եթե Վրաստանի իշխանությունը կարողանա հաջողել, կնշանակի, որ, այդուհանդերձ, Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են լինելու խաղալ ավելի Կովկասի կայունության ռեժիմով։ 

Սրանից է նաև կախված լինելու հետագա զարգացումների տրամաբանությունը, ասել, որ Վրաստանում որևէ հանգուցալուծմամբ ինչ-որ վերջնական հանգրվան ենք ստանալու, ամենևին այդպես չէ, բայց որոշակի թրենդային հեռանկար կարող է ձևավորվել, թե ինչպիսի տրամաբանություն կգերակայի Կովկասի հեռանկարների ուղղությամբ։ Այստեղ հանգրվանային պատկեր կարող ենք ստանալ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո։

– Կոնկրետ Հայաստանի շահերից իրավիճակի զարգացման ո՞ր սցենարն է բխում։

– Կարծում եմ՝ «Վրացական երազանքի» իշխանությունն այսօր առավել օպտիմալն է Հայաստանի համար, Վրաստանի հավասարակշռված քաղաքականությունն առավել օպտիմալն է Հայաստանի համար։ Ասեմ ավելին, եթե հեռանկարի իմաստով դիտարկենք, ապա վրաց-ռուսական հարաբերության հարցում կայուն ու որոշակի դրական դինամիկայի առկայությունը շատ հարցերում կթուլացնի Հայաստանի հանդեպ մթնոլորտային ճնշումը։ Շատ հարցեր ասելով նկատի ունեմ մասնավորապես հաղորդուղիների ապաշրջափակումը։ 

Եթե վրաց-ռուսական ուղղությամբ այդ կոմունիկացիաների հարցը ընդհանրապես կայուն կառուցողական դինամիկայի փուլում լինի, ապա դա էապես կնվազեցնի Ռուսաստանի համար Հայաստանով անցնող կոմունիկացիաներով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածությունների անհրաժեշտությունը: 

Այստեղ էլ այդ պայմանավորվածություններ ասվածը բարդ հարց է և սևի ու սպիտակի տրամաբանության մեջ չէ, ինչպես հիմնականում քարոզչական հարթակներով ձևավորվել է Հայաստանում: Այդուհանդերձ, տեսնում ենք, որ Ռուսաստանի համար այս հարցում Թուրքիան ու Ադրբեջանը իրավիճակից բխող գործընկերներ են, եթե վրաց-ռուսական հարաբերությունների ուղղությամբ այդ կայուն ու դրական միտումը ձևավորվի ու որոշակի հաստատուն տեսք ստանա, սա էապես կփոխի Հայաստանի մարտահրավերների հարցում մթնոլորտն ընդհանրապես։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am