Տվյալ դեպքում՝ փաստացի հետևելու են բոլորին, կամայական քայլ պետության կողմից, որը գնում է տոտալ վերահսկողության. Սամվել Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, Ներքին գործերի նախարարությունը օրենքի նախագիծ է հեղինակել՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ մի շարք կազմակերպություններ և տնտեսվարողներ իրենց օբյեկտները դրսից՝ բոլոր կողմերից, պետք է կահավորեն տեսահսկող խցիկներով։ Այդ բոլոր տեսախցիկների ազդանշանները միացվելու են ՆԳՆ ենթակայության ՊՈԱԿ-ին: Շատերի գնահատմամբ, սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները անընդմեջ գտնվելու են ոստիկանության վերահսկողության տակ:  Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, ու որո՞նք են այս նախագծից բխող հնարավոր ռիսկերը։ 

– Գլոբալ առումով՝ կամայական քայլ պետության կողմից, որը գնում է տոտալ վերահսկողության, տվյալ դեպքում՝ փաստացի հետևելու են բոլորին, ենթադրում է երկար քննարկումներ, բալանսի, գործիքակազմի ստեղծում՝ վերահսկողության և այլն։ Այս ամեն ինչն արդեն ի սկզբանե չի երևում, որպես սկզբունք չունենք։ Եթե քայլերով գնանք, ապա առաջինը, մեծ հաշվով, անհամաչափ հանրային վերահսկողություն է ծավալվում, ընդ որում՝ անընդհատ: Դա նշանակում է, որ ոչ միայն հանցագործներն են վերահսկողության տակ գտնվում, այլ բոլոր օրինահարգ քաղաքացիները, ու նրանք փաստացի, անընդհատ տեսախցիկների մոտ են գտնվելու, ընդ որում՝ այդ տեսախցիկներն էլ 24/7 ռեժիմով վերահսկվում են։ 

Մյուս հարցն այն է, որ անհասկանալի են այն հստակ մեխանիզմները, որոնք թույլ կտան վերահսկել վերահսկողին, այսինքն՝ համոզված լինել, որ այդ տվյալները պատշաճ կերպով օգտագործվում են, չարաշահում չի լինում ինչպես պետության, այնպես էլ, օրինակ՝ կոռումպացված չինովնիկների կողմից տվյալները չեն տրամադրվում մասնավոր անձանց, որը նույնպես հնարավոր է, որ այդ տվյալներն անվտանգ ձևով են պահպանվում, որ հետո դրանք ոչնչացվում են։ 

Ո՞վ է այս ամեն ինչը վերահսկելու՝ պարզ չէ, ու նման դեպքերում մենք պետք է ելնենք մեղավորության կանխավարկածից, այսինքն՝ եթե այս ամենը հստակ չէ, մենք պետք է դիտարկենք, որ հնարավոր են ամենավատ տարբերակները։ Վատ տարբերակն էլ նշանակում է, որ կարող է օգտագործվել որպես քաղաքական ճնշում, օրինակ՝ լրագրողների աղբյուրների բացահայտման մեթոդ և այլն։  

– Ըստ էության, վտանգվելու են նաև մարդկանց անձնական տվյալնե՞րը։

– Տոտալ ձևով, այսինքն՝ կա պոտենցիալ վտանգ։

– Պարո՛ն Մարտիրոսյան, հանցավորության դեմ պայքար՝ որպես այդպիսին, այս նախագիծը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

– Սա էլ է հարց, որովհետև ես, օրինակ՝ կցանկանայի, որ հստակ վիճակագրություն ներկայացվեր, թե եղած տեսախցիկներով ի՞նչ է արվել, ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Մեծ հաշվով՝ պետք է համոզեն, իսկ երբ հղում են անում Չինաստանին կամ  ԱՄՆ-ի փորձին, դա ուղղակի մի քիչ անլուրջ է, որովհետև Չինաստանը, նախ՝ միակուսակցական երկիր է, այնտեղ այն խնդիրները միգուցե չկան, որոնք կարող են այստեղ առաջանալ։ 

ԱՄՆ-ն շատ հարցերում այնքան էլ ժողովրդավարական երկիր չէ, հատկապես վերահսկողության հարցերում կան ավելի ժողովրդավարական երկրներ, կարող ենք ցանկերը նայել։ Բացի դրանից՝ երկրներում, որոնք օրինակ են բերվում, շատերում դատական համակարգն անկախ է, այսինքն՝ իշխանության ճյուղերը բալանսավորված են, մեզանում այդ ամենը դեֆորմացված է, օրենսդիրն ու գործադիրը փաստացի նույն մարդիկ են, ու չկա ոչ մի երաշխիք, որ մեկը մյուսին վերահսկելու է։

– Ստացվում է, որ այս նախագիծը նաև դեմ է ժողովրդավարության սկզբունքների՞ն։

– Եթե օդում վերցնեն, իդեալական տարբերակում այն կարող է լավ գործիք լինել հանցագործներին բռնելու ու նաև հանցագործությունները կանխարգելելու, բայց քանի դեռ իմ նշած այդ երաշխիքները չկան, ավելի մեծ է հավանականությունը, որ տվյալներն ավելի շատ կչարաշահվեն, քան կօգտագործվեն իրական հանցագործներին բռնելու համար։ 

– Պարո՛ն Մարտիրոսյան, այսինքն՝ այս նախագծի ռիսկերն ավելի՞ շատ են, քան դրական կողմերը։

– Ռիսկերը շատ են ու սկսվում են նրանից, որ քաղհասարակությունից ու այլ տեղերից կան խնդիրների մասին հստակ ահազանգեր, բայց, փաստացի, դրանք անտեսվում են, այստեղ արդեն ես խնդիր եմ տեսնում։ Նշանակում է, որ հակառակ կարծիքներն ուղղակի հաշվի չեն առնվում, պլյուս՝ այս ամենը պետք է դիտարկել պետության կողմից ավելի շատ քաղաքացիների տվյալների վերահսկողության համատեքստում, ակնհայտ է, որ նման օրենքները գնալով ավելի շատ են մտնում ուժի մեջ։ 

Յուրաքանչյուր իշխանություն երազում է ունենալ հնարավորինս վերահսկելի քաղաքացիներ։ Քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի դա լինի ինչ-որ տրամաբանական սահմանների մեջ, ցավոք սրտի, այսօր աղմուկ, բողոք չեն հնչում նաև որոշ քաղհասարակություններից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am