Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ  «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ  տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը, որը կշռել է 40 տոննա։  

 Նախկինում Վարազդատը  «Դյուցազնագրքի» այլ ռեկորդ էլ է սահմանել՝ տեղաշարժելով  84 տոննա ընդհանուր քաշով չորս բեռնատար վագոններ։

«Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում նման առաջին ռեկորդն էր»-հավաստեց Վարդան  Թովմասյանը։