Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն. Factor

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը և եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը սեպտեմբերի 24-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների համակարգից.

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- Մկրտչյանների ուղարկված ծանուցագրում նշում է վարչությունը։

Հիշեցնենք՝ 2021 թվականին Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: Քասախ համայնքը 25 տարի ղեկավարած Մկրտչյանը կալանավորվել էր, ապա, շուրջ 1 տարի անազատության մեջ անցկացնելով, 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։