Տիրող իրավիճակը Փաշինյանի երրորդ ժամկետով պաշտոնավարելու և ընդդիմախոսներին բռնաճնշումներով վախեցնելու հետևանքն է․Եղիազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը

-Պարո՛ն Եղիազարյան, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ մեկնարկել է կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրությունը։ «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է»,- հայտարարել է նա։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր անվտանգության իրավիճակը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ նույն ժամանակահատվածում համացանցում տարածվել են Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցի և խմբակային ծեծի տեսանյութեր։

– Նախ ասեմ, որ այդ նոր կենսաչափական անձնագրով իրենք ինչ-որ նորություն չեն անում, մենք 2017-ին ունեցանք նոր կենսաչափական անձնագիր, բայց ինչ-ինչ պատճառով այդ գործընթացը դադարեցվեց, ու սկսեցին մեր հին, կապույտ անձնագրերը տրամադրել: Հիմա իրենք ինչ-որ գյուտ չեն արել, որ գլուխ են գովում, բոլոր երկրներն էլ թողարկում են կենսաչափական անձնագրեր, դա նորմալ է, ստանդարտ անձնագիր է, ընդ որում՝ արտերկրին պատվիրակված: Սա ինչ-որ դարակազմիկ բան չէ, որ իրենք հերթական անգամ փորձում են դա վաճառել մարդկանց վրա, թե տեսեք՝ մենք ինչ ենք անում: 

Անդրադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ միայն թղթով անվտանգության հարց չի կարգավորվում, ու դա չի կարող անվտանգության երաշխիք լինել: Անձնագիրը ընդհանրապես չի կարող երկրի անվտանգությանը զուգահեռ լինել: 

Պարզ է, որ Հայաստանում հանցագործությունները բազմաթիվ են ու տեսանելի, և վերջին շրջանում Հայաստանը չի կարող որակվել իբրև անվտանգ երկիր:

 Ձեր նշած դեպքը միակը չէ, որ օրը ցերեկով կրակոցներ են հնչում, բացի այս, մենք տեսնում ենք, թե երկրում որքան է բարձրացել թմրամոլության մակարդակը, ինչը շատ լուրջ խնդիր է, բայց այդ մասին չեն խոսում, նույն ներքին գործերի նախարարությունը լիքը անելիք ունի ու ոչինչ չի անում: Տարբեր աղբյուրներից լուրեր ենք ստանում, որ թմրանյութն արդեն դպրոցներ է մտել, ինչն ազգային անվտանգությանը վերաբերող հարց է: 

Վերջին դեպքն ասեմ, որից տուժեցին նաև մեր երկրում գտնվող օտարերկրացիներ. երբ ոստիկանները ներխուժեցին Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոց ու հյուրանոցում գտնվող անձանց, որոնք նույնիսկ չհասցրին հագնվել, դուրս վռնդեցին այնտեղից, ի՞նչ անվտանգ երկրի մասին է խոսքը, անվտանգ երկրում նման բան չի կարող լինել: Զբոսաշրջիկը առանց բացատրությունների կարող է հյուրանոցից դուրս վռնդվել, սա՞ է անվտանգությունը, երկրում բարձիթողի վիճակ է, ու միայն կոսմետիկ խոսքերով փորձում են կերակրել իրենց ընտրազանգվածին: 

– Պատկան մարմինները հավաստիացնում են, թե այն, ինչ արվում է Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների, կենդանիների և այլնի հետ, իրավաչափ է ու օրենքի սահմաններում:

– Էդ հյուրանոցում ի՞նչ էր տեղի ունենում, որ բռնի ձևով մարդկանց դուրս վռնդեցին: Այս ամենը նաև վատ կարծիք է ձևավորում մեր երկրի մասին, որովհետև այդ հյուրանոցում նաև օտարերկրացիներ են եղել: Շատ բան կարելի է անել օրինական, բայց ամեն բան պետք է ունենա տրամաբանություն, պետք է հիմնավորված լինի նման բռնի ձևով, անհամաչափ ուժի կիրառումը: Միայն այս հյուրանոցի դեպքը չէ, շատ են անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, նույն Ծառուկյանին ձերբակալելու դեպքը, որտեղ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառում կար, շատ քաղբանտարկյալների վայրենի ձևով բերման են ենթարկում, այնինչ մարդասպաններին շատ բարեհամբույր մոտեցում են ցուցաբերում: Ես բացարձակ չեմ կարող համակարծիք լինել նախարարի հետ, թե անվտանգ երկրի անվտանգ փաստաթուղթ են թողարկել: 

– Պարո՛ն Եղիազարյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված երկրում տիրող այդ իրավիճակը:

– Հանրապետությունում տիրող իրավիճակը հետևանքն է Փաշինյանի երրորդ ժամկետ պաշտոնավարելու, որովհետև գնալով ինքն ավելի է ամրապնդվում, դրա հետևանքով իր ախորժակն ավելի է մեծանում ու փորձում է բռնատիրական գործողություններ իրականացնել նույն ընդդիմադիրների նկատմամբ: 

Այսօր ցանկացած խոսքի համար փորձում է դատի տալ ընդդիմադիրներին, բռնաճնշումներով վախեցնել: Բիզնես ոլորտի ներկայացուցիչները վախենում են որևէ բան խոսելուց, որովհետև հաջորդ օրը կարող է իրենց բիզնեսի համար խնդիրներ առաջանալ:

Իշխանությունը, որ առավոտից երեկո ասում է, թե երկրում խոսքի ազատություն է, այդպես չէ, հակառակ դեպքում այսքան քաղբանտարկյալ չէինք ունենա: Իսկ հանցագործ դրսևորումների պատճառն էլ այն է, որ ոստիկանական ամբողջ ներուժը լծված է Փաշինյանի պաշտպանությանը, մյուս հարցերով զբաղվում են, այսպես ասած, ձեռքի հետ: Նորմալ աշխատանքի պարագայում իմ նշած թմրանյութերի, հանցագործությունների դեպքերը շատ կարճ ժամանակում կարելի էր կարգավորել: Սա միայն անգործության հետևանք է, որովհետև իրավական համակարգը զբաղված է ներկուսակցական շահերի սպասարկմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab