«Դատական համակարգը մաքրելու գործընթացը պետք է մի քիչ տեմպով լինի, իսկ մենք դոփում ենք տեղում». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

Տիկի՛ն Սաֆարյան, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ վերջին օրերին տարածված ձայնագրությունը, երեկ դրա վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած մեկնաբանությունները՝ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակի մասին:

– Ընդհանուր կարող եմ ասել, որ այդ ձայնագրությունը ոչ կոռեկտ, դատավորներին անհարիր զրույց է, բայց հարցը միայն այդ չէ: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ դրանով հասարակությունն ամբողջ դատական համակարգին գնահատական է տալիս, այսինքն՝ այդ ձայնագրությունը գալիս է նորից հաստատելու, որ վեթինգն անհրաժեշտություն էր:

Ձայնագրությունից հասկանալի է դառնում, որ ոչ միայն դատարանի դահլիճում ունենք անվստահություն այդ մարդկանց հանդեպ, այլ նաև դատարանի դահլիճից դուրս, հետևաբար մեզ վեթինգ պետք էր ու պետք է: Մաքրելու գործընթացը պետք է մի քիչ տեմպով լինի, իսկ մենք դոփում ենք տեղում, ինչը չի բխում նաև արդարադատության շահերից: Հարցերին պետք է կտրուկ մոտենալ ու կտրուկ արձագանքել:

– Ջհանգիրյանի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ նա չի պատրաստվում պաշտոնից հեռանալ ու համաձայն չէ կարծիքներին, որ այդ ձայնագրությունը ստվերում է համակարգում արվող բարեփոխումները:

– Չեմ ընդունում եզրահանգումը, որ չի ստվերում, իրականում ստվերում է, բայց խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում գրեթե մեծ բան չի փոխվել: Երբ օրենսդրական հնարավորություն ստեղծվեց, որ արդարադատության նախարարը կարող է կարգապահական վարույթի միջնորդություններ ներկայացնել դատարան՝ ԲԴԽ, անգամ դա դրական արդյունք չունեցավ, ու այս ձախողումների մեջ ԲԴԽ-ի մեղքը մեծ է:

Հետևապես ասել, թե ԲԴԽ-ն պատրաստ է շարունակելու վեթինգի իր ծրագիրը, նախ՝ չեմ կարծում, թե նման ծրագիր ունեն ու դրան հակված են, հետևապես խոսել այն մասին, որ ինքը պատրաստ է դատական համակարգը վերափոխելու, մենք մի քանի դրվագ տեսանք՝10-12 գործից հազիվ մեկ գործով են արդյունքի հասնում, իսկ այս կարգի վեթինգ ոչ մեկին պետք չէ, ու բոլոր իշխանությունների ժամանակ էլ այդ մեկ-երկու դատավորին հանելը եղել է, ու դրանով իրենց ու նախկին համակարգի պահվածքի միջև տարբերություն չկա:

Ցավալի է, որ այս համեմատությունն եմ անում, բայց երբ արդյունքներն եմ ամփոփում, տեսնում եմ, որ գրեթե նույն վիճակն է: Ջհանգիրյանի խոսքն ինձ հավատ չի ներշնչում, ու չեմ կարող ասել, թե ինքն ինչպես է պատկերացնում այս մթնոլորտում առաջ նայելը:

– Տիկի՛ն Սաֆարյան, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների համար տասնամյակներ են անհրաժեշտ: Ըստ ձեզ՝ այս չորս տարվա ընթացքում արդյոք հնարավոր չէ՞ր գոնե այնպես անել, որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատվեին:

– Ես այդ կարծիքին չեմ, որ դատաիրավական ռեֆորմ չեն կարողանում անել, հիշում եմ, որ այդ համակարգի ռեֆորմների ձախողումը պատճառաբանում էին, թե չեն ուզում, որ դատական համակարգը ցնցումների ենթարկվի, բայց մենք ամեն օր ցնցումների մեջ ենք: Ավելի լավ էր հենց առաջին տարվա մեջ այդ հարցը լուծել, քան չորս տարի քննարկման առարկա դառնար:

Դանդաղ քայլերով արվող վեթինգը ոչ մի շոշափելի արդյունք չի տալիս: Այո՛, ունենք նոր նշանակված դատավորներ, որ հույս են ներշնչում, ունենք դատավորներ, որ վերանայել են իրենց անցյալը, բայց հիմնական համակարգային խնդիրները մնացել են, իսկ դա պետք էր մաքրել, ինչը չի արվել, ու դրա համար այսօրվա իշխանությունը պատասխանատու է:

– Իսկ ինչո՞ւ այս իշխանությունը չարեց այդ փոփոխությունները, որոնք հենց ինքն էր խոստանում:

– Ես կարծում եմ, որ դատական համակարգին կտրուկ անդրադառնալն իրենք համարեցին ոչ այդքան ճիշտ, որովհետև թացն ու չորը կխառնվեին իրար, բայց դրանից խուսափելու համար կարելի էր ճիշտ միջոց ընտրել, բայց չունեցան այդ վճռականությունը:

Չեմ կարող հստակ ասել՝ ինչու չարեցին այդ փոփոխությունները, ինձ համար էլ է այդ հարցը դեռ մութ մնացել, որովհետև այս տարիների ընթացքում շփվել եմ համակարգի հետ և կարող եմ ասել, որ այդ փոքր փոփոխությունները երանգ չեն տալիս, դրա համար էլ չեմ ուզում այդ մասով էլ ավելի մանրամասնել:

– Հաշվի առնելով նաև ձեր այդ շփումները՝ հույսեր ունե՞ք, որ գործող իշխանությունն ի վերջո կկատարի դատաիրավական համակարգի խոստացված բարեփոխումները:

 – Ես մտածում եմ, որ այդ ուղղությամբ արդարադատության նախարարությունը, թեկուզ դանդաղ, բայց ծրագիր ունի, որտեղ կան դրույթներ տարբեր ուղղություններով ռեֆորմներ իրականացնելու համար: Բայց տեմպը պետք է մի փոքր արագացնեն, եթե որոշենք դա անել՝ կանենք, այնպես չէ, որ անհուսալի կորած եմ համարում վիճակը: Ինչ-որ բան պետք է արվի, այսօրվա իշխանության առաջ այդ խնդիրը շատ հրատապորեն դրված է:

– Տիկի՛ն Սաֆարյան, կարծում եք՝ այսօր Հայաստանում կա՞ ընտրովի, զանգովի արդարադատություն, թե՞ ոչ:

– Դատական համակարգում կա խումբ, որը ներքուստ կամ լավ էլ արտաքուստ համախմբված է նախկին իշխանության շուրջ, ու նրանք այս օրերին չեն էլ թաքցրել իրենց մոտեցումները: Կարծում եմ, որ եթե զանգ՝ ապա այդ ուղղությամբ զանգ: Ոնց շրջապտույտի մեջ դրեցին իրենց կապերը հնչեղ գործերով ու հանգեցին մի շատ տխուր հետևության, որը խարանի պես հետևում է մեր երկրին: Այս առումով, այո՛, հին իշխանությունից չեն անջատվել: Ես չեմ էլ ուզում, որ անվերապահորեն ենթարկվեն նոր իշխանության կամքին, ես ուզում եմ անկախ դատարաններ:

Անկեղծ եմ ասում, ու ասածս ճշմարիտ էլ ընդունեք՝ չեմ հիշում գործ, որ ասեն՝ այսինչը զանգել է, իրենք էլ արել են, բայց նրանց ժամանակ ու նաև այսօրվա նախաքննություններում երբ ասում ես՝ այս գործն ինչո՞ւ է ձախողվում, ասում են՝ բա այսինչի տղան է, քննիչն էլ այնինչի տղան է, բա ի՞նչ ես ուզում լինի, կարծում ես՝ բա՞ն է փոխվել: Այսինքն՝ սա նշանակում է, որ այդ կորիզն իրենք պահել են, ու հին իշխանության այդ կորիզը շարունակում է Հայաստանում խոչընդոտներ ստեղծել արդարադատության բնականոն ընթացքի համար:

Դատավորները պետք է հասկանան, որ իրենք ծառայում են ոչ թե այս կամ այն իշխանությանը, այլ՝ պետությանը, մեկընդմիշտ պետք է վերջ տան այդ սուբյեկտիվ մոտեցմանը ու ծառայեն օրենքին ու պետությանը՝ անկախ օրվա իշխանությունների ով լինելուց:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am