«Զվարթնոց» օդանավակայանում ինձ բերման են ենթարկել Ադրբեջանի և Ռուսաստանի պահանջով». Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան բերման են ենթարկել «Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ներկայացված հետախուզման հիման վրա»: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա մասնավորապես գրել է.

«Ինձ հենց նոր բերման ենթարկեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության պահանջով։ Պահանջեցին, որ նրանց հետ գնամ առանձնասենյակ, բայց ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը։ Արդեն ավելի քան մեկ ժամ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերի դիմաց։ Իրավիճակը չափազանց տհաճ է, ինձ անհրաժեշտ է ԶԼՄ-ների աջակցությունը»,- գրել է Լապշինը։

Լապշինը հավելել է, որ սահմանապահները շփվում էին հայերեն և ինքը հասկացել է միայն «ձերբակալություն» բառը։

Պաշտոնական հաղորդագրություն այս դեպքի կապակցությամբ դեռևս չկա:

Տեղեկացնենք, որ Ալեքսանդր Լապշինը հայտնի բլոգեր է, ով վերջին տարիներին բազմիցս հայտնվել է քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերի քննարկումների կենտրոնում։ Նա հատկապես հայտնի դարձավ 2017 թվականին, երբ նա ձերբակալվեց Բելառուսում և արտահանձնվեց Բաքու՝ Արցախ այցելելու պատճառով։