Հունաստանը նախատեսում է ռուսական S-300 համակարգերը եւ այլ զինատեսակներ փոխանցել Հայաստանին

Հունաստանը նախատեսում է իր զինանոցից հեռացնել ռուսական արտադրության S-300 համակարգերը, TOR M-1 և OSA-AK հակաօդային պաշտպանության համալիրները և փոխանցել դրանք Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է հունական Enikos.gr կայքը:

Ըստ աղբյուրի,Հունաստանի այս որոշումը պայմանավորված է զինանոցը արդիականացնելու և հին ռուսական տեխնոլոգիաները ժամանակակից իսրայելական համակարգերով փոխարինելու նպատակով: Հայաստանը համարվում է այս համակարգերի իդեալական շահագործող, քանի որ ունի դրանց օգտագործման փորձ և անհրաժեշտ պահեստամասեր՝ տեխնիկական սպասարկումը հեշտությամբ իրականացնելու համար:

Աղբյուրը հայտնում է, որ այս նախաձեռնությունը լիովին հունական նախաձեռնություն չէ, այլ արդյունք է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցության։ Ֆրանսիան նույնպես պատրաստվում է զենք տրամադրել Հայաստանի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու նպատակով: Այս համագործակցությունը հիմնված է Հայաստանի և Հունաստանի միջև գոյություն ունեցող դաշնակցային կապերի, պատմական և կրոնական ընդհանուր արժեքների վրա:

Ռուսական համակարգերի փոխարեն Հունաստանը ներմուծում է իսրայելական ժամանակակից հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաներ, ներառյալ “David’s Sling”, “Barak MX” և “Spyder” համակարգերը, որոնք պետք է ամբողջությամբ ներդրվեն մինչև 2026 թվականը: Այս քայլն ուղղված է նաև Հունաստանի ռազմական պաշտպանությունը Թուրքիայից անկախ դարձնելու համար:

Հոդվածի հեղինակ Հրիստոս Մազանիթիսը նշում է, որ նախորդ տարիներին Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է: Հայ զինծառայողները մասնակցել են Հունաստանում անցկացվող մի շարք զորավարժություններին և վերապատրաստումներին: Այս համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում երկու երկրների պաշտպանական կարողությունների համատեղ ամրապնդմանը։