Երբ երեխան ոտքը խփում է աթոռին, դե, աթոռն է մեղավոր, քարի մեջ էլ, ինչպես գիտեք, արյուն կա: Նույնն էլ քաղաքականության մեջ: Այդ դու չես մեղավոր, որ ոտքդ խփեցիր խնդրին ու այն ցավեց, այլ… դե, խնդրի մեջ արյուն կա:
Առողջ հասարակության մեջ ենթադրվում է, որ երեխան մեծանում է, կրթություն ստանում և սկսում հասկանալ, որ արյունը ոչ թե քարի, այլ իր մեջ է: Որ եթե ոտքը խփես աթոռին, մեղավորը ոտքի տերն է, և ոչ հակառակը: Բայց մեզ մոտ այս աճը միշտ չէ, որ տեղի է ունենում: Արդյունքում ստանում ենք հասարակություն, որտեղ ոչ ոք մեղավոր չէ:
Դժվար է ասել՝ դա գիտակցվա՞ծ է, թե՞ ոչ, բայց այն, որ համատարած մանկամտությունը քանդում է մեր տունը, արդեն իսկ ակնհայտ է: Քաղաքական գործիչները այս հարցում իհարկե առիթից օգտվում են: Անում են գիտակցված մանիպուլյացիաներ՝ իրենց վատ աշխատանքը բարդելով, ես կասեի՝ բաշխելով բոլորիս վրա:
Քովիդի ժամանակ համակարգը չի աշխատում՝ մեղավոր են քաղաքացիները:
Պատերազմում պարտվում ենք՝ մեղավոր են քաղաքացիները, որ տեղերում ջոկատներ չեն կազմել, չգիտեմ որտեղից զինվորական համազգեստ ու հմտություններ ձեռք չեն բերել, չեն կռվել:
Ջրի և լույսի մատակարարման խափանումներ կան՝ մեղավոր են քաղաքացիները, որ ծորակը բաց են պահում:
Ընդդիմությունը համոզիչ չէ՝ մեղավոր են քաղաքացիները:
Հանրահավաքների ժամանակ ոչ մի հստակ ծրագիր չկա՝ մեղավոր են քաղաքացիները:
Աղքատ են՝ մեղավոր են:
Որոշում են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել՝ մեղավոր են:
Որոշում են ինքնապաշտպանություն կազմակերպել, աշխարհազոր՝ մեղավոր են:
Չեն ծառայում՝ մեղավոր են:
Դժգոհում են կոռուպցիայից, հեղափոխության մասնակցում՝ մեղավոր են:
Կռվում են ու գերի ընկնում՝ մեղավոր են:
Մեղավոր են, մեղավոր են, մեղավոր են….
Թվում է, թե չկա որևէ քայլ, որ կարող է անել ՀՀ քաղաքացին, որպեսզի չդառնա ներկա և նախկին իշխանությունների մեղքերի քավության նոխազը: Քաղաքական, ռազմական, բիզնես էլիտաների սխալների, փնթիության, անկազմակերպության, ագահության և ծայրահեղ էգոիզմի համար բոլորս մեղավոր ենք: Բոլորս, բացի հենց իրենցից:
Սեփական սխալները տարածել միլիոնավոր մարդկանց վրա: Սա ոչինչ չանելու լավագույն արդարացումն է: Նաև ոչ հասուն լինելու գլխավոր ցուցանիշը: Եթե անգամ դա գիտակցված մանկամտություն է, միևնույն է՝ ունի մեկ նպատակ՝ արված ոչ մի քայլի համար պատասխանատվություն չկրել: Ոչ մի ձախողման համար մեղավոր չլինել:
Բայց սա սուտ է, որով մեզ կերակրում են ավելի քան 20 տարի: Յուրաքանչյուր անհատ, ընտրվելով կամ զբաղեցնելով որևէ պաշտոն, հասարակությունից պատվեր է ստանում՝ լուծելու այս կամ այլ հարցը:
Ու խոսքը, որպես կանոն, այն հարցերի մասին է, որոնք համախմբվելով չեն լուծվում: Եթե ջրի մատակարարման հարցը հնարավոր լիներ լուծել ծորակը ճիշտ պահին փակելով, իսկ պատերազմը հաղթել՝ ինքնակազմակերպվելով, ապա հարց է ծագում՝ ինչների՞ս են պետք զինված ուժերը, կառավարությունը, Կենտրոնական բանկը, ի վերջո:
Մենք բոլորս միասին կհավաքվեինք ու մեր բոլոր հարցերը կլուծեինք: Առանց կառավարության, առանց ուռճացված պարգևավճարներ ստացող պաշտոնյաների, առանց բիզնես դասով ճանապարհորդող քաղաքապետների, առանց օտարերկրյա քաղաքացիություն ունեցող զինվորականների…
Մենք մերոնցով կհավաքվեինք կգնայինք պատերազմ, կլուծեինք ջրի և աղբահանության հարցը, «ախպերափայ» կբաշխեինք պետական բյուջեն իրար մեջ:
Բայց քանի որ նշված հարցերը բարդ են ու պահանջում են բարդ համակարգում, այդ հարցերը լուծել չկամեցողները կամ անկարողները մեզ կերակրում են «եթե բոլորը…» կեղծ ու բացահայտ չաշխատող խոսույթով:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am