Ֆրանսիայի իրավապահները հետաքննություն են սկսել լայնորեն քննարկվող խարդախության գործով, որի հետևանքով ֆրանսուհի Աննան ընկել է «ֆեյք Բրեդ Փիթի» ծուղակը և փոխանցել 830 000 եվրո։ Խարդախները, որոնք ըստ հետաքննության տվյալների, բնակվում են Նիգերիայում, բացահայտվել են մասնավոր կիբեռանվտանգության կազմակերպության օգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Libération-ը։
Աննան առցանց ծանոթացել է անձանց, ովքեր ներկայացել են որպես Հոլիվուդի հայտնի դերասան Բրեդ Փիթ։ Նրանք օգտագործել են արհեստական բանականությամբ (AI) ստեղծված տեսանյութեր, կեղծ փաստաթղթեր և հոգեբանական մանիպուլյացիա, որպեսզի վստահություն ձեռք բերեն։ Խարդախները նրան պատմել են, որ դերասանը ծանր հիվանդ է, ունի երիկամի քաղցկեղ և կարիք ունի շտապ վիրահատության, սակայն չի կարողանում մուտք գործել իր բանկային հաշիվները՝ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության պատճառով։ Աննան հավատացել է այս պատմությանը և տարբեր գումարային փոխանցումներ կատարել՝ կորցնելով 830 000 եվրո։
Նրա փաստաբանը՝ Լորեն Հաննան, հայտնել է, որ խարդախների ինքնությունը պարզվել է մասնավոր FindMyScammer ընկերության օգնությամբ։ Ըստ փաստաբանի, խարդախները երեք երիտասարդ են՝ 20-27 տարեկան, ովքեր բնակվում են Նիգերիայում։ Մասնավոր կիբեռանվտանգության մասնագետ Մարվան Ոուարաբը կարողացել է նրանց ուղարկել հատուկ հղում, ինչի շնորհիվ ստացվել են նրանց GPS տվյալները, անունները և ազգանունները։ Այս տեղեկությունները փոխանցվել են Ֆրանսիայի և Նիգերիայի իրավապահներին։
Ֆրանսիայի ֆինանսական ոստիկանությունը սկսել է գործի քննությունը, սակայն այս պահին ոչ մի ձերբակալություն չի իրականացվել։ Փաստաբանի խոսքով, մասնավոր կազմակերպության օգնությամբ նախապես հավաքված ապացույցները կարող են մեծացնել հետաքննության արդյունավետությունը։
Խարդախությունից հետո Աննան կանգնել է ծանր հետևանքների առաջ։ Նա կորցրել է իր բոլոր խնայողությունները, երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել և ներկայումս ապրում է ընդամենը 6 քմ փոքր սենյակում։ Նրա պատմությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում, ինչից հետո կինը բազմաթիվ ատելությամբ եւ ծաղրանքով լի նամակներն է ստացել:
Աննայի դուստրը՝ Մարգոն, հանրային ելույթ է ունեցել՝ նշելով, որ իր մայրը այժմ գտնվում է հիվանդանոցում ծանր հոգեբանական վիճակում։ Նա շեշտել է, որ իր մայրը այս ամենը չի վաստակել և կոչ է արել դադարեցնել սոցիալական ցանցերում տարածվող ատելությունը։