Ադրբեջանին «անկլավների» փոխանցումը ուղիղ ռիսկ է. պահանջելու է անխափան կապ այդ տարածքների հետ ու անվտանգային  երաշխիքներ. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը 

– «Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնում է անկլավի թեմա, թե ոչ, հայկական կողմն այդ հարցը բարձրացնում է»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Շահինյան։

– Երբ տարածվեց սահմանազատման հանձնաժողովների մասին վերջին հայտարարությունը, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերսկսել սահմանազատման աշխատանքները, «անկլավների» հարցի մասին ոչինչ գրված չէր: 

Այդ մասին մենք բարձրաձայնել ենք, քանի որ ընտրվել էր սահմանազատման այն մեխանիզմը, որ գործընթացը մեկնարկելու էր Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատման կետից, ըստ էության, առաջին փուլում բարձրանալու էր հենց անկլավների հարցը, քանի որ Տավուշի տարածքում առկա են երկու ադրբեջանական «անկլավներ», որոնց վերաբերյալ ոչ մի որոշում առկա չէ, ու ոչինչ գրված չէր այդ հայտարարության մեջ: 

Երբ մենք խոսում ենք Հայաստանի էքսկլավի՝ Արծվաշենի մասին, չի կարելի հավասարության նշան դնել հայկական Արծվաշենի ու ադրբեջանական «երկու անկլավի» միջև, քանի որ հայկական Արծվաշենի վերաբերյալ կան հավաստող փաստաթղթեր, որ այն միացած է եղել Հայաստանին: Հետագա տարիներին, հենց այն փուլում, երբ քարտեզներում սկսել են հայտնվել ադրբեջանական «անկլավները», հենց նույն պայմաններում Արծվաշենը վերածվել է «անկլավի», սակայն արխիվային ոչ մի փաստաթուղթ դեռևս հայտնաբերված չէ, որոնք կփաստեն այս փոփոխության իրավական լինելը: 

Եթե մենք ասում ենք, որ «անկլավների» հարցը հնարավոր չէ շրջանցել, ու դա լինելու է քննարկման ենթակա, իմ գնահատմամբ՝ դա հայկական կողմի համար կարող է քննարկելի լինել այն տեսանկյունից, որ քննարկվի, թե ինչպե՛ս է Արծվաշենը դարձել «անկլավ», արդյոք առկա՞ են իրավական փաստաթղթեր, որ կփաստեն այդ «անկլավների» ձևավորումը: 

Կառավարության ներկայացուցիչները ևս հայտարարել էին, որ չեն կարողացել գտնել «անկլավների» վերաբերյալ ոչ մի իրավական փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հայտարարությունը, նաև այն, որ բաց փաստաթղթերում ևս մենք դրանց գոյության վերաբերյալ որևէ հիմք չենք գտել, կարելի է պնդում անել, որ «անկլավները» ձևավորվել են ոչ իրավական ճանապարհով, ու սահմանազատման գործընթացը պետք է ընթանա այնպես, որ վերադառնանք իրավական դաշտ, ու «անկլավների» թեման մեկընդմիշտ փակվի: 

Եվս մեկ անգամ կրկնեմ, երբ խոսում ենք հայկական էքսկլավի և ադրբեջանական «անկլավների» մասին, ապա դրանց միջև չի կարելի հավասարության նշան դնել: 

– Այսինքն՝ հայկական Արծվաշենի գոյությունը փաստող փաստաթղթեր կան, իսկ ադրբեջանական «անկլավներինը»՝ ոչ, ճի՞շտ հասկացա ձեզ:

– Այո՛, բաց աղբյուրներում առկա են և՛ քարտեզներ, և՛ ատլասներ, որոնցում Արծվաշենը մինչև 1930-ականների վերջը ներկայացված է որպես Հայաստանի մաս, ու Հայաստանի տարածքում այդ պահի դրությամբ առկա չեն «անկլավներ», դրանք հետագայում են գոյանում, հավանաբար նույն ժամանակահատվածում, երբ Արծվաշենը վերածվում է «անկլավի»:

– Պարո՛ն Շահինյան, այդ դեպքում, ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է հավասարության նշան դնում դրանց միջև:

– Այդ հարցին պետք է իրենք պատասխանեն, բայց մի դիտարկում անեմ՝ նման հարցերով պետք է զբաղվեն ու դիրքորոշում հայտնեն մասնագետները: Քաղաքական գործիչներն ու ռազմական կառույցի ներկայացուցիչները պետք է ապահովեն այս գործընթացի դիվանագիտական ընթացքն ու ռազմական անվտանգությունը: Քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ընթանում է ոչ խաղաղ պայմաններում, ապա պարտադիր է, որ հնարավոր լինի ապահովել խաղաղ միջավայր, որպեսզի մասնագետները կարողանան սահմանին աշխատել, իսկ տվյալ փաստաթղթերի, դրվագների քննարկումը պետք է իրականացվի ամբողջությամբ մասնագետների կողմից, նրանց ներկայացրած առաջարկությունների հիման վրա պետությունների ղեկավարները պետք է որոշումներ կայացնեն ու պայմանագիր կնքեն: 

Ադրբեջանի դեպքում, սակայն, այս մեխանիզմը չի գործում, Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Սա հստակ ցուցիչ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ համակեցության, Հայաստանի հետ իրավական գործընթացների: 

– Եթե այդ «անկլավները» Ադրբեջանին տրվեն՝ դրանք ի՞նչ ռիսկեր են առաջացնելու Հայաստանի համար:

– Այն երկու «անկլավային» տարածքները, որոնք գտնվում են Տավուշի մարզում, նրանցից մեկը՝ Վերին Ոսկեպարի տարածքը, եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա ուղիղ վտանգ է ստեղծվում Ոսկեպար գյուղի համար, քանի որ այն հայտնվելու է գրեթե շրջափակման մեջ, որովհետև արևելքից ու արևմուտքից բավականին լայն ճակատով ունենալու է ադրբեջանական տարածքներ ու միայն փոքրիկ հատվածներով՝ հյուսիսում ու հարավում, կապվելու է Հայաստանի հետ: 

Բացի այդ՝ երբ խոսում ենք հենց այս անկլավի մասին, այստեղ կարող է առաջանալ միջպետական Մ16 մայրուղու հետ կապված խնդիր, քանի որ բացի այն, որ Ոսկեպարից հարավ-արևելք ընկած հատվածում ճանապարհը, ըստ սովետական քարտեզների, մի քանի անգամ հատում է Խորհրդային Ադրբեջանի ու Հայաստանի սահմանը, նաև ավելի հյուսիս հատվածում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: 

Երբ խոսում ենք մի փոքր հարավ գտնվող «անկլավի» մասին, դա Բարխուդարլու, Սոֆուլու հատվածն է, այդտեղ և՛ հայկական Կայան բնակավայրից բնակելի շինություններ կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը ևս խնդիրներ է ստեղծելու: 

Ադրբեջանին «անկլավների» փոխանցումը Ադրբեջանի հետագա պահանջների ուղիղ ռիսկ է ստեղծում, քանի որ Ադրբեջանը պահանջելու է անխափան կապ այդ տարածքների հետ, անվտանգային որոշակի երաշխիքներ: 

Բացի այդ, յուրաքանչյուր «անկլավի» փոխանցումով սահմանի պահպանության լրացուցիչ ևս մեկ բեռ է դրվելու Հայաստանի զինված ուժերի վրա, ու դժվար է գնահատել, թե ինչպիսի բարդության սահման է ունենալու: 

Արծվաշենի հարցը, կրկնում եմ, պետք է դիտարկվի ոչ թե էքսկլավի տարբերակով, այլ պետք է աշխատել, որ հնարավոր լինի վերականգնել խորհրդային առաջին քարտեզը, որով այն միացած է եղել Հայաստանին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am