Լայքերի դարաշրջանը. հետևորդների վերածված քաղաքացիները 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

ԱՄՆ փոխնախագահի վերջին ելույթը խոսքի ազատության մասին ցնցեց ամբողջ համացանցը։ Հիշեցնեմ` Ջեյմս Դեյվիդ Վենսը Մյունխենում ընթացող անվտանգության ամենամյա համաժողովում քննադատել է եվրոպական կառավարություններին խոսքի ազատության սահմանափակման համար։ 

Նա նշել է, որ Եվրոպայի համար իրեն ամենաշատը անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, ոչ էլ Չինաստանը կամ արտաքին որևէ այլ դերակատար: Նրան անհանգստացնում է ներքին սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջը իր հիմնարար արժեքներից։ Վենսը հիշել է աջ պոպուլիստական համարվող ուժերին, որոնք քաղաքական դաշտում սահմանափակումների են բախվում։ Դժգոհել է մամուլում և սոցիալական կայքերով որպես ատելության և սուտ խոսք պիտակվող պնդումների սահմանափակումից։ 

Մի կողմ թողնելով մեծ քաղաքականության բաղադրիչը` կարծում եմ այս ելույթը վերջնական արձանագրումն էր` ապատեղեկատվության և պոպուլիզմի դեմ պայքարում միջազգային քաղաքական ուժերը պարտվեցին։ Եվրոպական առաջնորդները ստիպված էին ծափահարել իրենց բյուրոկրատական համակարգին հաղթած պոպուլիզմին և խոսքի ամենաթող ազատությանը։ 

Քաղաքական հռետորաբանության այն ձևին, որը խորապես միահյուսված է ապատեղեկատվությանը, և որի դեմ, ըստ երևույթին, դեռևս «խաղ չկա»… Գոնե տեղեկատվական դաշտում։ Սա հին գործելաոճի տեղեկատվական պարտությունն է։ Նահանջ, որն ամենևին էլ տակտիկական չէ։ 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհով դրամաշնորհների և ծրագրերի գետեր էին հոսում, որոնց նպատակն էր սովորեցնել աշխարհի բնակչությանը տարբերակել սուտ տեղեկությունը ճշտից, պոպուլիստական ելույթը` լուրջ խոսքից։ 

Մարդկանց հոգեբանությունից քիչ թե շատ գլուխ հանող յուրաքանչյուր անձ, հպանցիկ հայացք գցելով նման ծրագրերի, ի սկզբանե կարող էր կռահել, որ դրանք չեն աշխատելու։ 

Երբ խորհուրդ են տալիս ստուգել յուրաքանչյուր տեղեկատվություն, միշտ հարցնել, թե ով է տալիս այս լուրը և տարբեր այլ նման հմտություններ, սա կարող է աշխատել առանձին մարդկանց, մասնագիտական խմբերի դեպքում, բայց դու երբեք ու երբեք չես ունենա յուրաքանչյուր լուրը ստուգող մեծամասնություն։ 

Իրավիճակն ավելի են բարդացնում տարբեր կայքերի ալգորիթմները, որոնք յուրաքանչյուր օգտատիրոջը հրամցնում են այն լուրերը, որոնք նրա սրտով կլինեն։ Այսինքն՝ համացանցը, որն ի սկզբանե կոչված էր բազմակարծություն ապահովելու, իրականում նորից ու նորից հաստատում է և նեղացնում ամեն մեկիս աշխարհայացքը։ Անգամ եթե մենք հավատում ենք սպիտակ միաեղջյուրներին, ալգորիթմը կհոգա, որ մենք մեր հավատը հաստատող լուր ստանանք։ Սա՝ տեղեկատվական դաշտում։ 

Նույն վիճակն է նաև քաղաքացիական հռետորաբանության ոլորտում։ Այստեղ կա երկու սկզբունք` պարզը հաղթում է բարդին, հուզականը` չոր տրամաբանականին։ 

Կարևոր է նաև, որ հռետորաբանությունը գետնի վրա հասկանալի քայլեր առաջարկի, անգամ եթե դրանք իրականում անհնար է օգտագործել։ 

Օրինակ` «Ներգաղթյալները գողանում են մեր աշխատանքը, մենք նրանց կվտարենք», կամ «Թալանչիները գողացել են բոլորից, մենք նրանց կփռենք ասֆալտին»: Երկու դեպքում էլ ունենք հուզական, պարզ պնդում և պարզ, գրեթե անիրականանալի լուծում։ Անիրականանալի, բայց հուզական առումով ցանկալի։ 

Նման կառուցվածքով ելույթը, որպես կանոն, հաղթում է յուրաքանչյուր այլ տեսակի խոսքին։ Ու քանի որ քաղաքական գործիչները հասկանում են նման խոսքի ուժը, նրանց միջև էլ սկսվում է «սպառազինությունների մրցավազք»։ Արդյունքում՝ խոսքը դառնում է ավելի ու ավելի հուզական, ավելի ու ավելի պարզ։ Հուզական խոսքը կարող է դառնալ ծայրահեղ վեհ՝ «Հայրենիք և Աստված», կամ ծայրաստիճան գռեհիկ` հիշենք հայտնի բլոգերի ելույթները։ 

Սրանք նույն՝ «սպառազինության մրցավազքի» տարբեր ծայրահեղությունների արտահայտությունն են հանրային խոսքի դաշտում։ Եվ այս ամենի արդյունքում քաղաքական դաշտում գաղափարական, ծրագրերի կռիվը զիջում է բառամթերքի կռվին։ Բարդությունը տեղը զիջում է պարզունակությանը։ 

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր։ 

Տպագրության գյուտից հետո ամբողջ աշխարհի կառուցվածքը փոխվեց։ Արդի պետությունները և ազգերը, այն ձևով, ինչպես մենք նրանց գիտենք, ձևավորվեցին հենց այս տեխնոլոգիայի զարգացման արդյունքում։ Այսօր մենք կանգնած ենք հերթական տեխնոլոգիական թռիչքի հետևանքների մեկնարկի առաջ։ Համացանցը փոխում է քաղաքական խոսքն ու դաշտը, պետության աշխատանքի ձևն ու ձևաչափը։ 

Հայաստանը կղզի չէ համաշխարհային օվկիանոսում, և մենք այս փոփոխությունների արդյունքները գուցե շատ ավելի սուր ենք զգում, դիտում ենք փոդքասթներով և ռիլերով, մասնակցում ենք հավանում-լայքերով և մեկնաբանություններով… Կիսվում, հուզվում և կերտում նոր աշխարհակարգ` ազատ, հուզական և վտանգավոր։

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am