Թրամփը կրկին քննադատել է Զելենսկուն՝ անվանելով նրան «բռնապետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ անվանելով նրան «բռնապետ»։

X (նախկինում՝ Twitter) հարթակում հրապարակած իր գրառման մեջ Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ին «խաբելու» և ստիպելու, որ այն ծախսի 350 միլիարդ դոլար Ուկրաինայի վրա՝ պատերազմի համար, որում, նրա խոսքով, հաղթանակ չէր կարող լինել և որը երբեք չպետք է սկսվեր։

«Պատկերացրեք, համեստ հաջողության հասած կատակերգու Վլադիմիր Զելենսկին համոզեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար մի պատերազմի համար, որում հաղթանակ չէր կարող լինել»,- գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի առաջնորդն առանց ԱՄՆ-ի ի վիճակի չէ կարգավորել հակամարտությունը։

Նա նաև պնդել է, որ Զելենսկին «մերժում է անցկացնել ընտրություններ» և «շատ ցածր վարկանիշ ունի»։ Սակայն Կիևի Միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ Զելենսկին շարունակում է վայելել 57% վստահություն ուկրաինացիների շրջանում, մինչդեռ Թրամփը պնդել էր, որ նրա վարկանիշը ընդամենը 4% է։

Թրամփը կրկնել է իր նախորդ պնդումները, թե Ուկրաինային տրամադրված ամերիկյան օգնության կեսը «անհետ կորել է»։

Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Սաուդյան Արաբիայում։ Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները «հաջող բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ պատերազմի դադարեցման համար»։