ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններին:
Նա հայտարարեց, որ պահանջում է քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում, ուզուրպացիա:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ մի խումբ անձինք ուղղակի դիտավորությամբ յուրացրել են բարձր դատարանի լիազորությունները: Խորհրդարանը պետք է Սահմանադրության ու օրենքների շրջանում որոնի ու գտնի այնպիսի լուծումներ, ոչ ստանդարտ լուծումներ, որոնք վերջ կդնեն ՍԴ-ում ստեղծված ճգնաժամին ու օրինականություն կհաստատեն երկրի բարձրագույն դատական ատյանում:
«Հրայր Թովմասյանի հանցավոր արարքներին քրեաիրավական գնահատական տալու այս քայլը պետք է դառնա այս համակարգային գործընթացը մեկնարկը, բայց ամենևին ոչ միակ գործողությունը: Սահմանադրական ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է Հրայր Թովմասյանի ապօրինի պաշտոնավարման դադարցմամբ, որի հիմքը, հուսամ, կդրվի այս դիմումով»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.