Լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Journalists hold a protest during the question-and-answer session between members of the Government of the Republic of Armenia and the National Assembly in Yerevan, Armenia

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:

Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: